211652_close_icon
views-count106997 դիտում article-date 22:59 08-03-2021

Մինչ Երևանի քաղաքապետը հայտարարում է, թե Երևանի փողոցներում լուսավորության խնդիր չկա, մութ փողոցում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ Երևանի  1-03 շտապօգնության  բժիշկների կողմից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը, ով մեկնել է հիվանդանոց:

Ժամանել է նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանը: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական  գումարտակի 7-րդ դասակի  ծառայողները՝ դասակի հրամանատար  Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի,  քրեական հետախուզության  բաժանմունքի պետի տեղակալ Անդրանիկ Եսայանի գլխավորությամբ:

 Քիչ առաջ Ա. Եսայանի գլխավորությամբ Մաշտոցի ոստիկանները պարզեցին,  որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Էդգար Մայիլյանն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Սամվել Մայիլյանը, ում տարիքը ճշտվում է:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ  Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արթուր Ադամյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին  մասի (դեպքի վայրից փախուստի դիմելը)  հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու  ուղղությամբ:

Վրաերթի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ,  այդ թվում՝ կանայք,  ասում էին.  «էս ճանապարհը ինչ սարքել են, ամեն օր  վթարների ենք ականատես լինում: Ո՛չ արտաքին լուսավորություն կա, ո՛չ էլ համապատասխան նշաններ: 

Ամեն օր, նամանավանդ երեկոյան ժամերին, ահը սրտներումս ենք անցնում, չգիտենք՝ տուն կհասնենք,  թե չէ:  Հետո էլ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունն  ասում են,  թե ցանկացած  ճանապարհ շահագործման հանձնելուց առաջ կահավորում ենք արտաքին լուսավորությամբ, սվետաֆորով, երթևեկությունը կարգավորող նշաններով, բայց ինչ էս փողոցը սարքել են, ստացվում ա՝ էշ մի սատկի, գարուն  կգա: Պատկան մարմինները սպասում են, որ զոհերի թիվն ավելանա, որ նոր ուղեղներին զոռ տան ու  էդ հարցերը լուծեն: 

 Վրաերթի ենթարկվածները  հայր ու որդի են, ովքեր փողոցն անցել են հետիոտնի  համար նախատեսված վայրով:

Հիմա գոնե  էս դեպքից հետո Երևանի քաղաքապետարանը մարդկային վերաբերմունք ցուցաբերի և էդ խնդիրները լուծվեն, հակառակ դեպքում՝ ականատես կլինենք նմանատիպ դեպքերի»:

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  բնակիչները իրավացի են: Արտաքին լուսավորման համար  հենասյուները տեղադրված են, սակայն ասես որպես դեկորատիվ իր օգտագործվեն: Արտաքին լուսավորությունը բացակայում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր