211652_close_icon

Մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count82127 դիտում article-date 23:14 30-05-2025
Այսօր՝ մայիսի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է մահվան ելքով վրաերթով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Հաղթանակ 28 տան դիմաց հայտնաբերել են իրար բախված «BMW» մակնիշի «68 MM 100» և «BMW X5» մակնիշի «88 AB 883» համարանիշի ավտոմեքենաներ։

Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, Երևանի 103 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից կինը գիտակցության չգալով շտապօգնության ավտոմեքենայում մահացել է, իսկ 2 տարեկան տղա երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի, Վարդան Բաբաջանյանի և Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով «BMW X5»-ը եղել է կայանված, կապ չի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքի հետ, իսկ մյուս «BMW»-ի վարորդը դեպքի վայրը լքել է։

Վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են վնասված հետքեր և կան տեղեկություններ, որ այդ «Նիվան», որի համարանիշները փոխված են, վրան դրված է այլ համարանիշ, մասնակցություն է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր