211652_close_icon
views-count25035 դիտում article-date 22:08 07-03-2021

Տեսանյութից հետո կապանցիների մոտ լարվածություն կա, այն անակնկալ է եղել Կապանի համայնքային իշխանության ու բնակիչների համար. Փաստինֆո

Մեկ ամիս առաջ հանդիպում է եղել հայ, ռուս և ադրբեջանցի սահմանապահների միջև: Ճակատենի ուղղությամբ խնդրահարույց երկու հարց ունեինք, ադրբեջանցի զինվորականները, ռուս սահմանապահների ուղեկցությամբ, Կապանի տարածքով տեղափոխվել են այդ խնդրահարույց հատվածներ՝ ուսումնասիրություններ անելու:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի ադրբեջանցիները հայկական պետհամարանիշով մեքենաներով շրջել են Սյունիքի մարզկենտրոն Կապանում, տեսանկարահանել շենքերն ու մարդկանց:

ԱԱԾ-ն էլ, անդրադառնալով տեսանյութին, հաստատել էր, որ, իրոք, ադրբեջանցիները եղել են Կապանում` նշելով, որ տեսանյութը նկարվել է մեկ ամիս առաջ` սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մասնակցած ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Մեզ հետ զրույցում Կապանի համայնքապետը հաստատեց, որ ԱԱԾ պարզաբանումը համապատասխանում է իրականությանը.

«Շատ տհաճ երևույթ է իրականում բոլորիս համար, անակնկալի եկանք համացանցում տարածված տեսանյութից»,-ասաց Փարսյանը` նշելով, որ նրանց` Կապանում շրջելու մասին իմացել է տեսանյութից.

«Ես ևս այսօր տարածված տեսանյութից եմ իմացել միջադեպի մասին: Նորմալ չէ, երբ հակառակորդը մտնում է մեր տարածք, շրջում է, բայց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է եղել»,-ասաց Գևորգ Փարսյանը:

Կապանի համայնքապետը վստահեցնում է, որ տեսանյութից հետո թեև բնակիչների մոտ որոշակի լարվածություն և անհանգստություն կա, բայց խուճապի չեն մատնվել:

ԱԱԾ-ի այսօրվա հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ ադրբեջանցիները շրջել են Կապանով ու թույլ տվել, որ նրանք նկարահանումներ կատարեն սահմանամերձ դարձած Կապանում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր