211652_close_icon
views-count2824 դիտում article-date 23:13 06-03-2021

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց:

Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրանկ Փելոունը, փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման», այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:

Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ:

Բանաձևը մասնավորապես ասում է.

«Հաշվի առնելով, որ չնայած Ժնևի կոնվենցիայով սահմանված Ադրբեջանի պարտավորվածություններին, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրին, հակամարտության ավարտից ավելի քան 100 օր անց Ադրբեջանի կառավարությունը, շարունակում է պատանդառության մեջ պահել մոտ 200 հայ գերիների,

Հաշվի առնելով, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը 2020 թվականի դեկտեմբերին պարզել է, որ Ադրբեջանի զինուժը «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման է ենթարկել» հայ ռազմագերիներին,

Հաշվի առնելով, որ չափազանց քիչ հավաստի տեղեկություն կա գերիների և ձերբակալված քաղաքացիների վիճակի և նրանց հանդեպ վերաբերմունքի մասին,

Հաշվի առնելով, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իր պարտավորվածությունները և միջազգային օրենքը՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին,

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն են,

Հետևաբար Ներկայացուցիչների պալատը

Կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց,

Կոչ է անում Պետքարտուղարությանը բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը»:

Նմանատիպ նյութեր