2768 դիտում
18:21 29-07-2020
Գվատեմալայի Կոնգրեսի հանձնաժողովը բանաձև է ընդունել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ
Գվատեմալայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հուլիսի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում լարվածության կտրուկ աճի կապակցությամբ ընդունվել է բանաձև։
[url=https://armenpress.am/arm/news/1023429.html]«Արմենպրեսի»[/url] փոխանցմամբ՝ փաստաթուղթը ներկայացվել է հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մանուել Էդուարդո Կոնդե Օրելյանայի կողմից։ Վերջինս Գվատեմալայի քաղաքական կյանքում բավական ազդեցիկ գործիչ է հանդիսանում, նախագահել է 1996 թվականին ստորագրված խաղաղության պայմանագրի հաշտեցման հանձնաժողովը, ինչպես նաև զգալի դերակատարում է ունեցել Կոլումբիայում խաղաղության հաստատման գործում։ Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Տվյալ հանձնաժողովին տվյալներ են հասել այն իրավիճակի մասին, որին դիմակայում է Ադրբեջանին սահմանակից Հայաստանի հյուսիարևելյան Տավուշի շրջանի, մասնավորապես՝ Չինար, Մովսես և Այգեպար գյուղերի քաղաքացիական բնակչությունը, որտեղ հրետանային կրակը վնասել է բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ բնակիչների շրջանում անհանգստություն և վախեր առաջացնելով։
Տեղյակ ենք, որ լարվածությունը սկիզբ է առնում 90-ական թվականներից Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որի առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր ընդունած բանաձևերով կոչ է արել դադարեցնել պատերազմական գործողությունները և խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ։
Մեր հասարակությունն ապրել է ավելի քան 36 տարի տևած ներքին զինված հակամարտության ծանր փորձը` թողնելով մարդկային կյանքերի անդառնալի կորուստներ, այրիներ, որբեր, հաշմանդամներ, վիրավորներ և զգալի վնաս հասցնելով մեր մասնավոր ու պետական ենթակառուցվածքներին, ծանրագույն գին և անվերականգնելի հնարավորություններ արժենալով մեր հասարակության բոլոր բնագավառների համար։
Խաղաղության և հաշտեցման մեր ձգտումն էր, որ մեզ թույլ տվեց նախաձեռնել քաղաքական և զինվորական բանակցությունների գործընթաց, որը 1996 թվականին վերջ դրեց ներքին զինված հակամարտությանը՝ ամուր և տևական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։Հանդիսանալով համաշխարհային մակարդակով խաղաղության հաստատման և պահպանման առաջամարտիկ պետություն, հաստատակամ և հարգալից կերպով կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի պատվելի խորհրդարաններին՝ իրենց համապատասխան երկրներում երկխոսության և խաղաղ բանակցությունների օգտին կամարտահայտման։ Բանակցություններ, որոնք սկիզբ են առել 1994 թվականից Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության մաս կազմող Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո, և որոնք թույլ տվեցին հասնել հակամարտող երկրների միջև հրադադարի հաստատմանը։
Վերջին իրադարձությունները մեզ պարտավորեցնում են պահանջել վերը նշված գոտում և գյուղերի հատվածում բնակվող քաղաքացիական բնակչության դեմ կրակի, պատերազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում, ինչպես նաև ռազմական ցանկացած՝ անհատական կամ տարածաշրջանի այլ պետության հետ համատեղ որևէ գործողության կամ քայլերի կատարման չեղարկում, որոնք կարող են վտանգել աշխարհի այդ կարևոր տարածաշրջանում խաղաղությունը և ներդաշնակությունը։
Գվատեմալան, որպես խաղաղասեր երկիր և մենք, որպես Հանրապետության Կոնգրեսի անդամներ, դիմում ենք ձեզ երկխոսության միջոցով երկարատև և ամուր խաղաղության հասնելու ուղիներ փնտրելու նպատակով՝ ի բարօրություն բոլորի։
Որպես հանձնաժողով առաջարկում ենք Հանրապետության պատվելի Կոնգրեսի լիագումար նիստին տեղեկացնել նշված բանաձևի բովանդակության մասին։»
Միաձայն որոշում է կայացվել ընդունված բանաձևն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովներին, ինչպես նաև այն ներկայացնել Կոնգրեսի լիագումար նիստի կողմից հաստատմանը։
Նմանատիպ նյութեր
3106 դիտում
23:13 06-03-2021
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով
1865 դիտում
18:56 06-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը
Այս բաժնից
1078 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2883 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1027 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում