Գործող իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը:
Իշխանությունները նպատակ ունեն մինչև խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել և ունենալ իրենց «սրտի» Ընտրական օրենսգիրքը, ինչի համար էլ շտապողականություն են դրսևորել այս հարցում: Իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձևակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին:
Բայց գործող իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է Սահմանադրական փոփոխություններ ևս իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն սահմանադրական փոփոխությունները իրականացնել արդեն խորհրդարանական ընդդիմության միջոցով:
Բանակցություններ կվարեն, ու եթե իշխանություններին հաջողվի մինչև ամառ ԸՕ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «ok»-ը ստանալուց հետո, ապա կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության ու տարբերակների մասին:
Իսկ մինչև Ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: