211652_close_icon
views-count2215 դիտում article-date 23:12 18-02-2021

Նախկինում Արցախի բոլոր նախագահներն ունեցել են բարձր ստատուս, իրենց հետ հաշվի էին նստում, իսկ հիմա ՀՀ իշխանություններն իրենց կամքը թելադրում են Արցախին. Դավիթ Գալստյան

1991 թվականից սեպտեմբերի 2-ից Արցախը անկախ Հանրապետություն է՝ իր կայացած բոլոր պետական ինստիտուտներով, և մենք ապրում ենք անկախ hանրապետությունում: Պատերազմից հետո սպասվում էր, որ պարտված իշխանությունները թողնեին հեռանային՝ ժողովրդին տալով հնարավորություն, որպեսզի նոր իշխանություններ ձևավորվեր և նոր ձևաչափով միջազգային ճանաչման ճանապարհ ընտրեին. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին:

«Ադրբեջանի կողմից այսօր ունենք օկուպացված տարածքներ և ջանք ու եռանդ չպետք է խնայենք այդ օկուպացված տարածքները հետ բերելու համար, ինչպես առանց մի կրակոցի հանձնեցիք՝ Քաշաթաղի, Քարվաճառի, Աղդամի շրջանը, ճիշտ դիվանագիտության արդյունքում կարողանանք հետ բերել մեր պատմական հողերն ու առաջին քայլը պետք է լինի՝ ձերբազատվել այս իշխանությունից, ինչու չէ նաև Հայաստանի իշխանությունների ածանցյալ՝ Արցախի իշխանություններից նույնպես: Մենք տեսանք, թե 2020 թվականին Հայաստանի իշխանություններն ինչպես Արցախում վերարտադրվեցին իրենց ածանցյալներով, և իրենց վարած քաղաքականության հետևանքով մենք ունեցանք թե՛ տարածքային կորուստներ, և թե՛ մարդկային զոհեր»,- ընդգծեց նա:

Դավիթ Գալստյանը նշեց, որ Արցախի Հանրապետության նախագահը՝ պատերազմական դրությունը մեջբերելով, հրամանագիր է ստորագրել, որ մինչև 2022 թվականի մարտի 1-ը պետք է հետաձգել է ընտրությունները, որն իր կարծիքով՝ արվել է, որպեսզի խուսափի հրաժարական տալուց։

«Երևի թե ինքը հույս ունի, որ մինչև ընտրություններն ինքը նախագահ է լինելու, որ ասի՝ ընտրություններ չենք կարող կազմակերպել, ես ո՞նց հրաժարական տամ, սակայն ես համոզված եմ, որ դա իրեն չի հաջողվելու, ինքը կարճ ժամանակ հետո չի լինելու երկրի իշխանություն, որից հետո կբացահայտվեն շատ հարցեր: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ինձ չի թվում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկար կյանք չի ունենալու, չի կարող երկիրը կապիտուլյացիայի հասցրած ղեկավարը շարունակի պաշտոնավարել, նա այսօր Հայաստանի մասին չի մտածում, դրա համար հրաժարական չի տալիս: Հայաստանի մասին մտածող ցանկացած ոք այսօր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարական, ով չի պահանջում Նիկոլ Փաշինյանի կամ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ուրեմն նա պետության մասին չի մտածում, նա իր շահը պետության շահից վեր է դասում»,– ասաց նա:

Հարցին, թե Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, ինչը տարբեր քննարկումների առիթ դարձավ, Գալստյանը նշեց, որ ռուսերենը որպես երկրորդ պաշտոնական լեզու չի կարող լինել, Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետական լեզուն հայերենն է, սակայն, քանի որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ խաղաղապահներն Արցախում առաքելություն են իրականացնում, պետական մակարդակով ռուս խաղաղապահների և մնացած գերատեսչությունների հետ փաստաթղթային հաղորդակցությունն օրենքի խախտում է, դիտարկվում։

«Այսօր պետական մարմինները ռուսերեն լեզվով դիմում են խաղաղապահներին, նամակներ ենք ուղարկում և օրենքում շտկում ենք ցանկանում անել, ստորակետից հետո պետք է լրացվի նաև, որ անհրաժեշտության դեպում կարող են օգտագործել նաև ռուսերեն լեզուն, այդ մասին մենք մեր գրավոր առաջարկությունը ներկայացրել ենք»,– ասաց նա:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությունը երբեք այդքան չէր նսեմացվել, ցածրացվել, ինչպես 2018 թվականից հետո, և հարցին՝ որպես պատգամավոր նկատե՞լ եք Արցախի կողմից որոշումներ ընդունելիս կաշկանդվածություն, Գալստյանը պատասխանեց. «Իհարկե, նախկինում մեր բոլոր նախագահներն ունեցել են իրենց բարձր ստատուսը, իրենց հետ հաշվի էին նստում, իսկ այսօրվա մեր իշխանության հետ, ոչ թե հաշվի չեն նստում, այլ ասում են՝ պիտի սա անենք, ես չեմ տեսնում, որ երկու երկրի ղեկավարների քննարկումների արդյունքում ծնվի որոշում, այսինքն՝ իրենց կամքը թելադրում են Արցախին, իսկ նախկինում այդպես չէր»:

Իսկ ինչ վերաբերում է «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, Գալստյանը նշեց, որ դա իշխանության հերթական պոպուլիստական հայտարարությունն էր։ «Ինչո՞ւ կապիտուլյացիայից հետո նման արտահայտություն չեն անում, ինչո՞ւ նրանք այդ թեզը չեն շարունակում: Նրանք պոպուլիստական արտահայտություններով եկան իշխանության և տեսանք պոպուլիստ իշխանությունների ձեռագիրը, և այն, ինչ ունենք, դրա արդյունքն էր, քանի որ իրենց ասածներն ու գործերը իրար հետ չեն համապատասխանում»:

Նմանատիպ նյութեր