211652_close_icon
views-count1888 դիտում article-date 14:56 07-11-2021

Պարտված իշխանության հետ ոչ մեկ հաշվի չի նստում, նրան միայն ստորացնում, պարտադրում են և դա այն իրավիճակն է, որն ունենք այսօր․ Էլինար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. 44-օրյա պատերազմը կմնա որպես ողբերգություն, որպես աղետ, բայց դա նաև կմնա որպես ապիկար իշխանությունների կողմից սխալ քաղաքականության հետևանք։ Այս մասին «Համախմբվում ենք» համաերիտասարդական ֆորումի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Այո, մենք հոկտեմբերին 19-ին հնարավորություն ունեինք կանգնեցնել պատերազմը անհամեմատ քիչ կորուստներով՝ ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը միանձնյա որոշեց բաց թողնել խաղաղության հնարավորությունը, ինչը նշանակում էր՝ յուրաքանչյուր օր 100 զոհ։

«Ըստ էության՝ մեր բանակը չի պարտվել, պարտվել են այսօրվա ապիկար իշխանությունները, որոնք իրենց սխալ հաշվարկների, անկարողության, վախենում եմ մտածել, որ դիտավորության արդյունքում բերեցին այսպիսի աղետալի արդյունքների»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանությունը շարունակեց կառչած մնալ իր աթոռից։

«Ընդհանուր առմամբ պատմությանը հայտնի չէ մի իրավիճակ, երբ պարտված իշխանությունը կշարունակի մնալ որպես իշխանություն, քանի որ նրա հետ ոչ մեկ հաշվի չի նստում, նրան միայն ստորացնում են, միայն պարտադրում են և դա այն իրավիճակն է, ինչն ունենք այսօր։ Այս ամենի հանգուցալուծումը պետք է լինի առաջին հերթին պարտված իշխանության հեռացումը և արժանապատիվ խաղաղության վերականգնումը»,-ասաց նա։

Էլինար Վարդանյանը նշեց՝ դժվար բանակցությունների պետք է գնանք, բայց դա չպետք է լինի ազգային արժանապատվության հաշվին։ Նա ասաց, որ 2018 թվականին իշխանափոխությանը երիտասարդները ազնիվ մղումներով էին մասնակցում, նրանց սպասելիքները այլ էին։

«Մենք տեսանք, որ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող հսկայական մի զանգված չմասնակցեց ընտրություններին, հավանաբար նրանց մի մասը ռեալ չի գնահատում այն իրավիճակը և այն, որ Ադրբեջանը և Թուրքիան թակում են նաև իրենց դռները, մյուս կողմը այլ սպասելիքներ ուներ, և մեր խնդիրն է աշխատել հասարակության այդ շերտերի հետ։ Պարտությունը դատավճիռ չէ, մենք պետք է կարողանանք արժանապատիվ հաղթահարել այս իրավիճակը»,-ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր