211652_close_icon
views-count1923 դիտում article-date 22:22 18-02-2021

Ովքե՞ր են հավակնում Գյումրու քաղաքապետի պաշտոնին․ ուշագրավ զարգացումներ

Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետի ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, ինչպես իշխանությունն, այնպես էլ ընդդիմությունը նախապատրաստական որոշ աշխատանքներ արդեն իսկ իրականացնում է։ Irakanum.am ունեցած հավաստի տեղեկություններով իշխանությունը սեփական թեկնածուն դեռ չունի, չնայած, որ մարզից ընտրված պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Նազելի Բաղդասարյանը հավակնություն են հայտնել գլխավորելու ցուցակն ու պայքարել քաղաքապետի աթոռի համար։

Մենք տեղեկացանք, որ Կարեն Սարուխանյանի թեման իշխանությունը փակել է, իսկ Նազելի Բաղդասարյանի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունեն։ Միաժամանակ ստացված տեղեկությունների համաձայն իշխանությունը բանակցում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, որպեսզի վերջինս դարձյալ առաջադրի իր թեկնածությունը, այս անգամ ՔՊ-ի միջոցով։ Բանակցողի դերում էլ կարգել են Կարեն Սարուխանյանին, ով բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Սամվել Բալասանյանի հետ։ Որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, արդյո՞ք իշխանություն- Բալասանյան բանակցություններ են ընթանում և կամ ինքը քաղաքապետը մտադիր է երրորդ անգամ առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ Irakanum.am-ը գրավոր հարցմամբ դիմել է Սամվել Բալասանյանին և պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

Բացի այս իշխանության մայրաքաղաքային թևն էլ Գյումրու քաղաքապետի հնարավոր թեկնածու դիտարկում է բանակում չծառայած, քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանի թեկնածությունը։

Ընդդիմությունը ևս վերադասավորվում է։ Կան տեղեկություններ, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է կրկին ցանկանում վերադառնալ հին պաշտոնին։ Մամուլի հրապարակումների համաձայն էլ Ղուկասյանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի թիմը, բայց քանի որ Ղուկասյանը պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով առայժմ սպասում է կուսակցության որոշմանը։ Մեզ հետ զրույցում այս տեղեկությունները Վարդան Ղուկասյանը հրաժարվեց մեկնաբանել, ասելով, որ հարցին կանդրադառնա այն ժամանակ, երբ ինքն հայտարարի՝ մասնակցելու է ընտրություններին, թե ոչ։

Ուշագրավն այն է, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիիում իրեն այլընտրանքային թեկնածու է գտել։ Խոսքը պրոդյուսեր, «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանի մասին է։ Նա էր օրեր առաջ Գյումրիում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի մինի հանրահավաք կազմակերպել։

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր  Մարտուն Գրիգորյանին, ով բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիում, ապա վերջինս  պահպանում է լռություն։

Չի բացառվում, որ ԼՀԿ-ն էլ մասնակցություն ունենա Գյումրու ՏԻՄ ընտրություններին։ Որպես հավանական թեկնածու դիտարկում են պատգամավոր Սարիկ Մինասյանին։ Նա Շիրակի մարզից է։ Մինասյանը՝ ԱԱԾ Շիրակի ՄՎ պետի պարտականությունների ժամանակվոր կատարող Կամո Ներսիսյանի ազգականն է, և կարծում է, որ այս հանգամանքը կարող է իրեն օգնել։

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայրենիքին», ապա նրանք որոշում չունեն։ Չի բացառվում, որ մինչ ընտրություններ այլ զարգացումներ էլ լինեն և մանր-մունր կուսակցություններ ձևավորվեն, որոնք ևս հայտ ներկայացնեն ՏԻՄ ընտրություններին, ինչպես եղավ նախորդ անգամ։ Այդ կուսակցությունները սովորաբար այս կամ այն անձի պրոյեկտ են լինում, որոնք բացառապես կոչված են ձայներ  փախցնելուն։

Նմանատիպ նյութեր