211652_close_icon
views-count131089 դիտում article-date 20:18 16-02-2021

Արարատի մարզի ոստիկանապետի ու Արտաշատի ոստիկանապետի մասնակցությամբ Արտաշատում իրականացվել է «Հաջողության ջենտլմենները» օպերացիան. մանկապարտեզը թալանողները հենց դեպքի վայրում վնասազերծվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ փետրվարի 16-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, Արտաշատ քաղաքում իրականացրել են  «Հաջողության ջենտլմենները»  օպերացիան:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատի ոստիկանությունում գիշերը՝ ժամը 02:20-ի սահմաններում,  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 հոգի Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզում գողություն են կատարում: 

Օպերատիվ խմբերը վայրկյանների ընթացքում ժամանում են մանկապարտեզ, որտեղ էլ հենց ներսում վնասազերծում են  գողություն կատարելու կասկածանքով Սևան քաղաքի  բնակիչ,  36-ամյա Մեսրոպ Գևորգյանին և Երևանի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Սողոմոնյանին: 

Վերջիններս մինչև ոստիկանների կողմից վնասազերծվելը, Հրաչյա Թովմասյան  13 հասցեում գործող թիվ 4 մանկապարտեզի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրում են, այնուհետև նույն եղանակով կոտրում կաթսայատան դուռը, մտնում ներս և այնտեղից ապամոնտաժում ջեռուցման կաթսաները:

Ի՞նչ իմանային գողերը, որ Արտաշատի ոստիկանները տաք-տաք կբռնեին իրենց և չէին հասցնի իրենց սև գործն ավարտին հասցնել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան մանկապարտեզի տնօրենը, գալով  աշխատանքի ու տեսնելով մանկապատեզի տարածքում  հավաքված մեծ թվով ոստիկանների իմացել է եղելությունը:

 Փաստի  առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում ՀՀ քր օր-ի  34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

 Կասկածյալներ Մ. Գևորգյանն ու Ա. Սողոմոնյանը ձերբակալվել են: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր