211652_close_icon
views-count1989 դիտում article-date 10:17 16-02-2021

Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը կախված է երկրում բռնության մակարդակից․ Սթոլթենբերգ. «Ամերիկայի ձայն»

Դաշինքի ղեկավարը շեշտեց, որ «Թալիբան» -ը պետք է ավելին անի՝ Միացյալ Նահանգների հետ խաղաղության պայմանագրի կետերը կատարելու համար։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երկուշաբթի օրը ասել է, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժումը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի՝ ԱՄՆ-ի հետ 2020 թվականի խաղաղության համաձայնագրի կետերը կատարելու համար, որպեսզի օտարերկրյա զորքերի դուրսբերումը սկսվի մինչեւ վերջնաժամկետը:

Այս շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն՝ արդյոք «Թալիբան»-ը հարգում է խաղաղության համաձայնագիրը, որը զինյալներին անվտանգության երաշխիքներ է տրամադրում մինչև մայիսի 1-ը օտարերկրյա զորքերը դուրս բերելու դիմաց:

«Մենք տեսնում ենք, որ« Թալիբան»-ը դեռևս պետք է ավելի շատ ջանքեր գործադրի պարտավորությունները կատարելու նպատակով՝ ... վստահ լինելու համար, որ նրանք խզել են բոլոր կապերը միջազգային ահաբեկիչների հետ»,- ասաց Սթոլթենբերգը:

Աֆղանստանում հարձակումները, ներառյալ դեկտեմբերյան ահաբեկչական ակտերը, որոնց արդյունքում սպանվեց Քաբուլի նահանգի փոխնահանգապետը, ԱՄՆ Կոնգրեսի և միջազգային իրավապաշտպան խմբերի անդամներին դրդեցին պահանջել հետաձգել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնեցրած զորքերի դուրսբերումը:

Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է 9,600 ՆԱՏՕ-ի ուժերի զինվորական, այդ թվում 2500 ամերիկացի զինծառայողներ, ովքեր օգնում են Աֆղանստանի անվտանգության ուժերին՝ նրանց փոխանցելով իրենց փորձառությունը:

Շատերն ունեն մտավախություն, որ զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում արտաքին միջամտության երկու տասնամյակում գրանցված առաջընթացը արագորեն կվերանա՝ վտանգելով շատ ոլորտների ձեռքբերումները՝ կանանց իրավունքներից մինչև ժողովրդավարություն: Ամերիկացի օրենսդիրները նախազգուշացրել են, որ բոլոր ուժերի դուրսբերումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

Պաշտպանության նախարարների առաջիկա հանդիպումը, որը պետք է կայանա առցանց չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, ի սկզբանե հրավիրվել էր՝ որոշելու համար զորքերի դուրսբերման նպատակահարմարությունը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հորդորում են վեց ամսով հետաձգել դուրսբերոււմը:

Հունվարի 31-ին ՆԱՏՕ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ Reuters- ին հայտնեցին, որ միջազգային զորքերը կմնան երկրում նշված ժամկետից հետո՝ չնայած« Թալիբան» շարժման ամբողջական դուրսբերման կոչերին:

«Մեր ընդհանուր նպատակը պարզ է. Աֆղանստանը այլևս երբեք չպետք է դառնա ապաստան այն ահաբեկիչների համար, որոնք հարձակվում են մեր երկրների վրա: Չնայած դաշինքի անդամներից ոչ ոք չի ցանկանում մնալ Աֆղանստանում ավելի երկար, քան անհրաժեշտ է, մենք չենք հեռանա մինչև պահը չհասունանա»,- ասել է Սթոլթենբերգը:

Նմանատիպ նյութեր