Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի ղեկավարը վիճաբանել են Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցով
2014 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումը հապշտապ որոշում է եղել, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի հետ զրույցում։
BBC-ի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգն էլ պատասխանել է, որ որոշումը ճիշտ է եղել և ժամանակին։
Կարծիքների ոչ մեղմ փոխանակումը տեղի է ունեցել Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումից հետո։
Նշենք, որ 2011 թվականին Աֆղանստանում տեղակայված էր ԱՄՆ-ի 130 հազար զինծառայող, իսկ 2014 թվականին նրանց թիվը կազմում էր ընդամենը 13 հազար 500։
Միջազգային ԶԼՄ-ները, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ Պենտագոնը մտադիր է կրկին մեծացնել իր կոնտիգենտը Աֆղանստանում, քանի որ «Թալիբան» ծայրահեղական շարժման ազդեցությունը գնալով կրկին ուժեղանում է։