211652_close_icon
views-count9485 դիտում article-date 14:49 15-02-2021

Մենք չենք պնդում՝ եղել է դավաճանություն, մենք ներկայացնում ենք փաստեր, որոնք խնդրում ենք քննել. Արա Զոհրաբյանը՝ իրավաբանների՝ ՀՔԾ-ի և Դատախազության անգործության վերաբերյալ բողոքի մասին․ Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մենք հաղորդման մեջ ներկայացրել ենք տարբեր իրադարձություններ, մենք չենք պնդում, որ եղել է պետական դավաճանություն, բայց առաջարկում ենք դիտարկել ներկայացրած փաստերը: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իրավաբանների՝ ՀՔԾ-ի և Դատախազության անգործության վերաբերյալ բողոքին: Գրում է Tert.am-ը։

«Հաղորդման մեջ նկարագրված են բոլոր այն իրադարձությունները, որոնք եղել են մինչ պատերազմը, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախը Հայաստան է և վերջ, պատերազմի ընթացքում որոշ գործողություններ, օրինակ՝ մեր պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյալների հրապարակում: Մեր կողմից մատնանշված որոշ իրադարձություններ նաև հետպատերազմյան  շրջանին են վերաբերում, մասնավորապես՝ Սյունիքի մարզի հարակից տարածքները զիջելը:  Մենք այս բոլոր փաստարկներն առաջարկել ենք դիտարկել այն անկյան տակ, որ միգուցե այստեղ եղել է պետական դավաճանություն: Հաղորդման մեջ մենք հստակ նշում ենք՝ կա հիմնավոր կասկած, և խնդրում ենք հարուցել քրեական գործ և ստուգել»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Նշենք՝ դատարանի առաջ ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն փաստաբանների, որոնք հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ հարուցելու քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածով:

Արա Զոհրաբյանը հայտնեց, որ քննչական մարմինը կարող է կայացնել 3 որոշում, բայց կայացվել է այլ որոշում, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքն այդպիսի  հնարավորություն չի նախատեսում:

«Դեկտեմբերի 22-ին մենք փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ներկայացրինք գլխավոր դատախազին, իսկ գլխավոր դատախազը այն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։ Այդպես է ընթացակարգը՝ եթե քրեական գործ հարուցելու հիմքը կա, ապա հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր գործ հարուցելու մասին որոշում կայացնել, մյուս դեպքերում քննչական մարմինը կարող է 3 որոշում կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության, մինչդեռ նրանք գրությունով են պատասխանել, նշելով ՝ այս ձեր հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի առիթով հարուցված գործով նյութերին և քննելու են այդ նյութի շրջանակում, մինչդեռ Քրեական դատավարության օրենսգիրքը այսպիսի հնարավորություն չի նախատեսում»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Ըստ Արա Զոհրաբյանի՝ իրավասու մարմինները պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր