211652_close_icon
views-count1183 դիտում article-date 14:00 15-02-2021

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում ԱՀԿ-ն անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր է տրամադրել Հայաստանին

ԱՀԿ-ն դոնոր կազմակերպությունների՝ Եվրոպական միության, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և այլ կազմակերպությունների հետ, համատեղ շարունակում է աջակցել Առողջապահության նախարարությանը՝ տրամադրելով COVID-19 համավարակի դեմ պայքարում անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ռիսկերի հաղորդակցության պատասխանատու Անժելա Կժդրյանը:
 
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Առողջապահության նախարարությանն է տրամադրվել լաբորատոր նյութերի և թեստերի մի քանի մեծածավալ խմբաքանակ, մասնավորապես՝ 40 000 հակագենային թեստեր, 140 000 նմուշառման ձողիկներ և լաբորատոր այլ անհրաժեշտ նյութեր։
 
Երկրում համավարակի դեմ պայքարի սկզբից ի վեր՝ ԱՀԿ-ն տրամադրել է առաջնային նշանակության սարքավորումներ և նյութեր։
 
Անհատական պաշտպանության միջոցներ։ Հիվանդության դեմ պայքարող բուժանձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով տրամադրվել են բժշկական դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ։
 
Ախտորոշում։ Ավելի արդյունավետ և արագ թեստավորման համար տրամադրվել են ՊՇՌ և հակագենային թեստեր, լաբորատոր նյութեր, որոնք հնարավորություն են տվել մեծացնել թեստավորման ծավալները։
 
Բժշկական սարքավորում։ COVID-19-ով հիվանդների խնամքն ապահովելու համար տրամադրվել են բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ թթվածին ապահովող սարքավորում, էլեկտրասրտագրության սարքեր, ռենտգեն ապարատներ, ուլտրաձայնային սարքեր և հիվանդի վիճակը վերահսկող սարքեր»,- գրել է Կժդրյանը:

Նմանատիպ նյութեր