211652_close_icon
views-count3750 դիտում article-date 13:25 15-02-2021

Միկրովիրաբուժության բաժանմունք Ալբերտ Հովհաննիսյանի անունով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքն այսուհետ կրելու է պատերազմի օրերին բոլորիս ոգեշնչած հայտնի լուսանկարի զինվոր Ալբերտ Հովհաննիսյանի անունը։

Անվանակոչման համեստ արարողությանը մասնակցում էին հետմահու  «Արիության համար» մեդալով պարգևատրված Ալբերտի ընտանիքը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, «Medical Invest» ՍՊԸ տնօրեն Տիգրան Սահակյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը։

«Եվս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ենք ուղղում ձեր ընտանիքին։ Ծնունդով այս թաղամասից, այս բակում մեծացած Ալբերտը ճակատագրի բերումով դարձավ պատերազմի խոհրդանիշը։ 

Մենք երբեք չենք կարող հասկանալ ու ընկալել այն, ինչ դուք զգում եք, սակայն անելու ենք հնարվորինը սփոփելու ձեր վիշտն ու լինելու ձեր կողքին»,- դիմելով Ալբերտ Հովհաննիսյանի ծնողներին՝ նշեց Քանաքեռ-Զեյթուն ԲԿ տնօրեն Ավետիս Ավետիսյանը։ 

Իսկ բաժանմունքի անվանակոչման գաղափարը հղացել էր ելնելով այն բանից, որ պատերազմի դաժան օրերին Քանաքեռ-Զեյթուն ԲԿ միայն Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, բաժանմունքում 100-ից ավելի զինծառայողներ ենթարկվել են պլաստիկ և միկրոբուժական վիրահատությունների։

Հարկ է նշել, որ ինչպես հիմնովին վերանորոգված ու արդիականցված այս բաժանմունքը, այնպես էլ ամբողջ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն պատերազմի առաջին օրվանից անձնակազմի անմնացորդ նվիրումով եղավ ու մնաց կյանքեր փրկելու առաջնագծում։

«Ոմանց կյանքն է փրկվել, ոմանց կյանքի որակն է բարձրացվել՝ տալով լիարժեք կյանք վերադառնալու հնարավորություն․․․ Եվ բաժանմունքի անվանակոչմամբ փորձեցինք ի դեմս Ալբերտի անմահացնել նաև այն տղաների հիշատակը, որոնք չկան»,-ընդգծեց ԲԿ տնօրենը։

Արարողությանը ներկա էր նաև պատերազմի ընթացքում բաժանմունքի առաջին պացիենտ, ծանր վիրավորումներ ստացած Ժորա Թարզյանը։

Դաժան օրերի բոլորիս ունեցած ապրումները կարծես ի մի բերվեցին, երբ Ալբերտի ծնողները գրկախառնվեցին հրաշքով փրկված զինվորին։

«Մենք պետք է ոտքի կանգնենք։ Ոտքի կանգնենք բոլոր առումներով»,- ընդծեց Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Որքան որ հուզիչ էր տեսարանը, նույնքան պարտավորեցնող։

Մենք պետք է ոտքի կանգնենք՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակված հայորդիների, ի հարգանք թե՛ մարտի դաշտում, թե՛ թիկունքում արված սխրանքների ու իրական մասնագիտական նվիրվածության։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր