211652_close_icon
views-count6416 դիտում article-date 21:21 08-02-2021

Ընդդիմությունը չի ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու. Սիմոնյան

Շատ, ահավոր վախեցած ենք, այնքան վախեցած ենք, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, որ էլ ասելու չի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ իշխանությունները տեսնելով, որ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ ընտրություններին, վախեցան եւ հրաժարվեցին ընտրություն անցկացնելու մտադրությունից:

«Ռոբերտ Քոչարյանը, երբ նախագահի պաշտոնն է զբաղեցրել, էդ ժամանակ չի կարողացել ընտրությունները կրի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այս իրավիճակում, երբ իշխանությունը հրաժարվում է արտահերթ ընտրություններ անցկացնելուց, ընդդիմությանը մնում է միայն մեկ ճանապարհ՝ փողոցային պայքար, իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ որոշումը կարող է բերել հակասահմանադրական իրավիճակի և լինեն անցանկալի գործողություններ, Սիմոնյանը պատասխանեց. «Այսինքն եթե մենք ասում էինք արտահերթ ընտրություններ, այդ փողոցային պայքարը չէր լինո՞ւմ, ընդդիմությունն այլ բան էր ասո՞ւմ: Պատերազմում պարտվելուց հետո իշխանությունն առաջարկ արեց, մի քանի անգամ ամբիոնից ասեցինք՝ եկեք որոշենք, որ թեկնածու չի առաջադրվում, գնում են ընտրությունների, ժամկետներ որոշենք: Իրենք իրենց փողոցային պայքարը դադարեցրե՞լ են, պետք չի ինչ-որ բաներ, որոնք իրականությանը չի համապատասխանում, գցել իշխանության օրակարգ: Իրենք չեն ուզում գնալ ընտրությունների, որովհետև գիտեն, որ լավագույն դեպքում նույն պատկերն է լինելու, իսկ վատագույն դեպքում, չեմ բացառում, որ այդ կուսակցություններից առնվազն մեկը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում կարող է չհայտնվել: Հիմա ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզենք, խնդրենք, որ իրենք ընտրությունների համաձայնվե՞ն: Չի լինում այդպիսի բան, ընդդիմությունն է միշտ արտահերթ ընտրություն ուզում»:

Նրա խոսքով՝ կարևոր է քաղաքացիների կարծիքը արտահերթ ընտրությունների վերաբերյալ, բայց նման պահանջ չի տեսնում. «Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մեզնից պահանջը շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որը կարելի է մտնեկլ համացանց եւ «խելացի» վարձկան էջերի մոտ, կամ վարձկան մարիոնետ քաղաքական մեկնաբանների, լրագրողների մոտ կարդալ:

Իշխանությունը առաջարկը արել է, հետո գնացել ժողովրդի հետ շփվել է, մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են՝ թավիշը վերացրեք, օրենքի հետ կապված թավիշ չի լինելու, օրենքը խստագույնս գործելու է: Մարդիկ ասում են՝ թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ընտրել ենք»:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել, որը կքննի պատերազմի ընթացքը և կգտնի մեղավորներին, սակայն ասում է, որ արձագանք չի ստացել, ցրողական պատասխան է ստացել, Սիմոնյանը պատասխանեց, որ մոտակա մի քանի ամիսներին չենք կարող նման գործընթաց սկսել, ռազմագերիների հարցը լուծված չէ և դա կարող է հերթական անգամ շահարկումների առիթ դառնալ և ազդել բանակցային գործընթացի վրա. «Միանշանակ պետք է բոլոր հարցերի պատասխանները տրվեն, իշխանության շահերից է բխում, որ մութ հարց չմնա, թեև վստահ եմ, որ դա ևս ամբողջապես լույս չի սփռի ամեն ինչի վրա, բայց պետք է»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր