211652_close_icon
views-count1513 դիտում article-date 11:22 04-02-2021

«Իմ քայլը» բոլշևիկյան է, պատրաստ է կատարել «շեֆի» ցանկացած քմահաճույք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1994 թվականի հունիսի 28-ին Արծրուն Պեպանյանը «Հայք» թերթում հոդված էր հրապարակել, որի վերնագիրը ավելի քան խոսուն էր՝ «Բոլշեւիզմը՝ բոլոր կուսակցությունների հա՞յր»: Ուշագրավ է, որ «Հայքն» իշխող կուսակցության պաշտոնաթերթն էր՝ փաստ, որը խոսում է քիչ թե շատ ազատ բարքերի մասին. բոլշեւիզմն, անշուշտ, հատուկ էր այն ժամանակվա բոլոր կուսակցություններին, բայց ՀՀՇ-ն, ըստ երեւույթին, վերջնականապես «բյուրոկրատացված» չէր, եւ գոնե հանդուրժում էր իր բոլշեւիզմի մասին հիշատակումները: Շատ բան փոխվեց (դեպի վատը) նույն թվականի դեկտեմբերի 28-ից հետո, երբ արգելվեց Դաշնակցությունը: Մինչ այդ համեմատաբար «բուսակեր» մոտեցումն, ըստ երեւույթին, պայմանավորված էր նրանով, որ այն ժամանակվա իշխող կուսակցությունը թեեւ ընկղմվել էր մեղքերի մեջ, սակայն իր հիմքում ուներ որոշակի գաղափարներ եւ արժեքներ, որոնք 1994 թվականին դեռեւս վերջնականապես չէին մոռացվել: Դրանով այն տարբերվում էր հետագայում իշխող ՀՀԿ-ից. երբ 1998 թվականին Վազգեն Սարգսյանը, իսկ այնուհետեւ Սերժ Սարգսյանը «վերցրեցին» այդ կառույցը, զուտ «ձեւի համար» հանրապետականները խոսում էին «տարոնականության» եւ «նդժդեհականության» մասին, սակայն իրականում այն ծառայում էր ընտրությունների «ժողովրդավարական» բնույթն ապահովելու համար, այդ կուսակցության մեջ արդեն որեւէ գաղափար կամ արժեք չկար՝ «ՀՀԿ»-ն պարզապես կոռումպացված նոմենկլատուրայի անունն էր: Ազգային արժեքների այդ վարկաբեկմամբ է, ի դեպ, բացատրվում հասարակության շոշափելի մասի «անզգայացումը» հայրենիքի կորստի եւ հետագա ահավոր վտանգների վերաբերյալ: Երբ ներկայիս իշխանությունն ասում է՝ «Շուշի՞: Ի՞նչ Շուշի», «Արցա՞խ: Այսքանն էլ է հերիք. նախագահ կա՝ գնում-գալիս է», «Սյունի՞ք: Ոչինչ, դիմացեք ցավոտ խնդիրներին»՝ դա մեր քաղաքացիների մեջ ցասում չի առաջացնում: Եթե նժդեհականությունն իսկապես լիներ 10 տարվա պաշտոնական գաղափարախոսությունը, մարդիկ այդքան անտարբեր չէին լինի: ՀՀԿ-ն, այդպիսով, ամբողջությամբ բոլշեւիկյան կառույց է: Իսկ «Քաղպայմանագի՞րը»: Նման կուսակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Կա ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որը լիարժեք ձեւով բոլշեւիկյան է եւ պատրաստ է կատարել «շեֆի» ցանկացած քմահաճույք: Պե՞տք է Նաիրա Զոհրաբյանին զրկել հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խնդիր չկա՝ մի՛շտ պատրաստ: Պե՞տք է «դատական բարեփոխումներ» անցկացնել, որպեսզի դատարանները վերջնականապես հայտնվեն գործադիր իշխանության գրպանում: Մեծ հաճույքով: Անհրաժե՞շտ է ընդդիմադիր լրատվամիջոցներին նեղելու համար փոխել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը: Էս սհաթիս: Եթե կառավարությունից օրինագիծ բերվի՝ Նիկոլ Փաշինյանին սրբադասելու մասին, կասկածո՞ւմ եք, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի: Ընդ որում, այս նոր «լճացման» երեւույթներն ուղեկցվում են պատգամավորների մեծ մասի վարքագծի կտրուկ փոփոխությամբ: Հետաքրքիր է դիտարկել, թե ինչպես են նախկինում համեստ եւ դաստիարակված երիտասարդներն իրենց պահում ճիշտ այնպես, ինչպես նախորդ գումարումների ժամանակ իրենց դրսեւորում էին ՀՀԿ-ի ամենաօդիոզ ֆիգուրները: ․․․ 19-րդ դարի կեսերին (ուշադրություն դարձրեք՝ բավականին լուսավորյալ ժամանակաշրջանում, ոչ թե միջնադարում) Հռոմի պապ Պիոս 9-րդը որոշել էր փոխել կաթոլիկ եկեղեցու դոկտրինը եւ նոր դոգմատ էր ներմուծել, ըստ որի Հռոմի պապը, այսինքն՝ ինքը… անսխալական է: Ներկայիս Ազգային ժողովը հանգիստ կարող է նման օրենք ընդունել վարչապետի վերաբերյալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր