Թուրքիայում 292 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Թուրքիայում շարունակվում է այդ երկրում ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»: Այս մասին տեղեկացնում է[url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/02/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%B3%D5%B5%D5%B8%D6%82%D5%AC%D5%A5%D5%B6/201507] ermenihaber.am[/url]-ը։
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Թուրքիայի զինուժի կազմում ընդգրկված 292 զինվորականի, այդ թվում աշխատանքից ազատված նախկին ծառայակիցների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական «խորհրդավոր իմամների» (մուսուլման հոգևորական) հետ։
Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներն համաժամանակյա գործողողություններ են սկսել Թուրքիայի 42 նահանգներում: Այդ գործողությունների արդյունքում ձերբակալել են բազմաթիվ զինվորականներ, նրանց թվում կան ներկայումս ծառայության մեջ գտնվող 1 գնդապետ և 9 կապիտան:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
Ըստ թուրքական իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։