211652_close_icon
views-count4678 դիտում article-date 09:17 02-02-2021

Թավշյա խաբկանք․ քանի՞ Նիկոլ Փաշինյան կա Հայաստանում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Իշխանություն–հասարակություն հարաբերություններում կա նույնականացման՝ իդենտիֆիկացիայի բաղադրիչ։ Դա չի արձանագրվում որևէ նախընտրական բուկլետում կամ քվեաթերթիկում անգամ, այլ գտնվում է հանրային հոգեբանության տիրույթում ու արտահայտվում է նրանով, որ հասարակությունն իշխանությանը համարում է իրենը, իրեն նույնականացնում է իշխանության առանձին կրողների ու հավաքական իշխանության հետ։ Նաև այս ֆենոմենը կամ հակաֆենոմենն է ընկած հասարակության ինչ-որ հատվածի կողմից Նիկոլ Փաշինյանի անվերապահ, անբնական ու անբանական աջակցության հիմքում՝ անգամ այն դեպքում, երբ խոսքը կարող է վերաբերել դավաճանությանը կամ հայրենազրկմանը․ մարդկանց այդ տեսակն ու հատվածը Նիկոլ Փաշինյանի մեջ տեսնում է իրեն, իր անձը նույնականացնում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա, իհարկե, չափազանց ցավալի արձանագրում է, քանի որ վկայում է, որ հասարակության առնվազն այդ հատվածը կրում է այն նույն որակները, որոնք Նիկոլ Փաշինյանին մղել են գնալու ամենաամոթալի քայլերի։ «Մենք բոլորս Նիկոլ ենք»,- այս հոտային բանաձևն է ընկած Նիկոլ Փաշինյանի աջակիցների դրդապատճառներում։ Նիկոլ Փաշինյանին աջակցողների այս խավը նրան պաշտպանում է այնպես, ինչպես կպաշտպանի սեփական անձը, հենց դա է նույնականացումը։ Այս մարդկանց համար Նիկոլ Փաշինյանին աջակցելուց հրաժարվելը հավասարազոր է սեփական անձին դավաճանությանը։ Այդ աջակցությունից հրաժարվելու համար այդ տեսակի մարդիկ, որոնք քիչ չեն, պետք է գտնեն նոր անհատի, նոր կուռքի, որի հետ կնույնականացնեն իրենք իրենց։ Նիկոլ Փաշինյանն ինքը գիտակցել ու հասկացել է այս իրողությունը, ու նաև դրա համար է ամենաշատը կրկնում «ժողովրդի իշխանություն» արտահայտությունը․ դրա հասցեատերը հասարակության հենց այն հատվածն է, որը բաղկացած է հազարավոր կամ գուցե տասնյակ-հազարավոր նիկոլներից։ Մեր նման հասարակություններում այս սինդրոմն ինչ-որ իմաստով օրինաչափ է, այն բխում է մի կողմից՝ ցածր գիտակցությունից, մյուս կողմից՝ պետական ինստիտուտների անկատարությունից, ինչի պատճառով քաղաքացին իրեն նույնացնում է ոչ թե հայրենիքի, պետության, այլ առանձին վերցրած անհատի կամ անհատների հետ։ Ընտրական ցանկացած գործընթացում՝ արտահերթ, թե հերթական, այս երևույթը զգալի ազդեցություն է ունենալու։ Ընտրություններում մարդիկ ձայն են տալու նրան, ում անձի հետ իրենք ամենաշատն են իդենտիֆիկացնելու սեփական եսը։ Հասարակությանն այս հոգեբանական գերությունից ազատելու համար լրջագույն աշխատանք է պետք։ Պարզամիտ կարգախոսներն այդ խնդիրը ոչ միայն չեն լուծում, այլև ավելի են խորացնում։ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի» և այլ նման կարգի ուղերձները մարդկանց այդ տեսակն ընկալում է՝ որպես սեփական անձին ուղղված մեղադրանք, քանի որ իրեն նույնացնում է այդ մեղադրանքի հասցեատիրոջ հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր