211652_close_icon
views-count5149 դիտում article-date 20:51 30-01-2021

Վախճանվել է Հայաստանի Հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 76-րդ տարում վախճանվել է Հայաստանի հանրապետության Կապի առաջին նախարար Գրիգոր Պողպատյանը։ Գրիգոր Պողպատյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին, Երևանում։ 1968 թվականին ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ռադիոտեխնիկի մասնագիտությամբ։ 1970-1982թթ․ աշխատել է Համամիութենական էլեկտրատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղում՝ որպես ինժեներ, սեկտորի վարիչ, կոնստրուկտոր։ 1982-1991թթ․ աշխատել է «Լազերային տեխնիկա» գիտաարդյունաբերական միավորումում՝ որպես բաժնի վարիչ, գլխավոր կոնստրուկտոր։ 1991թ․ նշանակվել է նորանկախ Հայաստանի Կապի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 1998թ․։ 1988թ․ Գրիգոր Պողպատյանն ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժմանը։ Մասնավորապես՝ գործուն մասնակցություն է ունեցել 1988թ․ մարտին ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն։ Կապի նախարարի պաշտոնում Գրիգոր Պողպատյանի գործունեության արդյունքում՝ - Հայաստանի համար ստեղծվել է արբանյակային ուղիղ կապի միջոցով միջազգային կապի հնարավորություն, - Վերազինվել են հեռախոսակայանները, հեռագրային ցանցը, փոստային ծառայությունները, - Ամերիկյան TWT ընկերության հետ համատեղ հիմնադրվել է ԱրմենՏել ընկերությունը, ներդրվել են ծառայությունների նոր տեսակներ` փեյջեր, բջջային կապ, - Ստեղծվել է Ինֆոկոմ ընկերությունը, - Հայաստանը ներգրավվել է հեռահաղորդակցության միջազգային կառույցներում, - Կազմակերպվել է 1996 թվականի Երեւանում Շախմատի համաշխարհային 32-րդ Օլիմպիադայի եւ ՖԻԴԵ-ի 97-րդ Կոնգրեսի տեխնիկական ապահովումը, - Ստեղծվել եւ թողարկվել է ՀՀ առաջին նամականիշը։ Գրիգոր Պողպատյան մահվան առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Գրիգոր Պողպատյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 18։00-ին, Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սբ․ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 1-ին, ժամը 13։00-ին՝ նույն տեղից սգո թափորը կշարժվի քաղաքային պանթեոն (Էրեբունի համայնք)։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր