211652_close_icon
views-count1410 դիտում article-date 18:18 28-01-2021

Վահագն Թումասյան՝ հայրենասիրության քայլող խորհրդանիշ. ԵՊՀ-ում տեղի է ունեցել հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր՝ հունվարի 28-ին, տեղի է ունեցել հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավորներ, Վահագն Թումասյանի ընտանիքի անդամները, ծառայակից ընկերներն ու հարազատները: Միջոցառման սկզբում հնչեց տերունական աղոթքը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը: Այնուհետև ներկաներին ողջունեց Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Վերջինս ներկաներին շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով իրականացնել զոհվածների պատգամն ու զարգացնել հայրենիքը: Այնուհետև պարոն Մինասյանը հյուրերին ներկայացրեց Վահագն Թումասյանի կենսագրությունն ու անցած ուղին. «Վահագն Թումասյանը Պատմության ֆակուլտետի լավագույն ուսանողներից էր, որն իր կարճատև կյանքի ընթացքում աչքի է ընկել ինչպես կատարած զինվորական սխրագործություններով, այնպես էլ ակադեմիական նվաճումներով»: 2019 թվականին Վահագն Թումասյանն ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ Հայաստանի և հարակից երկրների պատմության մասնագիտությամբ: Նա փայլուն տիրապետում էր թուրքերենին և ադրբեջաներենին, ակտիվ մասնակցում այդ լեզուների ուսուցման գործընթացի կազմակերպման աշխատանքներին: Էդիկ Մինասյանի խոսքով, պատահական չէ, որ լսարանը հենց Վահագն Թումասյանի անունն է կրում, քանի որ հերոսն այս լսարանի ներկա ու ապագա ուսանողներին ոգևորելու է ինչպես իր հայրենասիրական անմահ ոգով, այնպես էլ կրթության նկատմամբ տածած անհագ սիրով. «Այսպիսի լսարանում կրթված ուսանողներն ունենալու են այն նույն ոգին ու հայրենասիրությունը, որոնք ունեին Վահագն ու իր ընկերները, և շարունակելու են նրանց կիսատ թողած գործը»: Լինելով մտավորականի զավակ՝ Վահագն Թումասյանը կյանքի փայլուն ուղի է անցել և հերոսաբար զոհվել: Ելույթի վերջում Էդիկ Մինասյանը նշեց, որ ֆակուլտետը երբեք չի մոռանա նաև ֆակուլտետի մյուս զոհված հերոսներին, որոնց անուններն ու լուսանկարները Վահագն Թումասյանի անվան կողքին են: Ելույթով հանդես եկավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ Վահագն Թումասյանին անձամբ ճանաչելու բախտ է ունեցել՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակում. «Այդ ծրագրի շրջանակում նա իրեն դրսևորել է ոչ միայն որպես փայլուն ուսանող, այլև հիանալի կազմակերպիչ, որը հնարավոր ամեն ինչ արել է՝ կրթական ծրագիրն ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար»: Դեկանի խոսքով, Վահագն Թումասյանը հայրենասիրության քայլող օրինակ էր, հայ սպային ընդօրինակելու արժանի դասական կերպար: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ Վահագնի հայրը՝ Արամ Թումասյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց Պատմության ֆակուլտետի ղեկավարությանը՝ լսարանը որդու անունով կոչելու նախաձեռնության համար, ապա պատմեց որդու կարճ կյանքի հետաքրքրական դրվագներից մի քանիսը. «Վահագնը մեր ընտանիքի ազնվազարմ շառավիղներից էր, մեր հպարտությունը, որը կատարեց իր պարտքը հայրենիքի առջև՝ հանուն իր գործի մնայունության»: Հիշելով որդուն՝ Արամ Թումասյանը նշեց, որ որպես հետախույզ՝ որդին գաղտնապահ ու գործին նվիրված մարդ էր, շատ բան գիտեր հայի ու հայրենիքի մասին, բայց խստորեն հետևում էր հետախույզի գաղտնապահությանը: Միջոցառման վերջում ելույթով հանդես եկան նաև հերոսի մտերիմներն ու հարազատները: Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ թշնամու հրթիռակոծության հետևանքով, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր