211652_close_icon
views-count870 դիտում article-date 17:21 25-01-2021

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանի առողջապահական ոլորտին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ` քննարկելու տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավոր ուղղությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ռաֆայել Ժոզանը մանրամասնել է, որ ԶՖԳ-ն ներդրումներ է կատարում զարգացող երկրների 5 գերակա ոլորտներում, և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում կարևոր ուղղություն է առողջապահությունը: Հաշվի առնելով գործակալության առաջարկները` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության նախարարության կարիքները և այն ուղղությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Մասնավորապես, նախարարը կարևորել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոններում վերականգնողական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, արյան ծառայության արդիականացման, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների բարելավումը և այլ հարցեր: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ 2019 թվականին առողջապահական ոլորտի զարգացման նպատակով բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել, սակայն կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում որոշները մնացել են անավարտ: «Շնորհակալ ենք Ֆրանսիայի կառավարությանը շարունակական աջակցության համար, և ուրախ եմ, որ առաջիկայում կկարողանանք անել հնարավորը մի շարք ուղղություններով աշխատանքային պրոցեսներն ակտիվացնելու, առողջապահական համակարգը բարելավելու առումով, քանի որ մենք գործ ունենք շատ կարևոր և խոցելի ոլորտի հետ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև նշված ուղղություններով համագործակցությունը կլինի արդյունավետ, և առողջապահական ոլորտի բարելավման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Նմանատիպ նյութեր