Եվրամիությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին խաղաղություն հաստատվելուց հետո. Սվիտալսկի
Եվրոպական Միությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին և նրանց տարածած վերջին հայտարարությանը. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել և խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում: Ռազմական լուծումը բացառված է: Երբ կողմերը հասնեն խնդրի խաղաղ կարգավորմանը, Եվրամիությունը պատրաստ է հակամարտության գոտում վերականգնողական աշխատանքների իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրել, բայց դա տեղի կունենա միայն ու միայն հակամարտության գոտում խաղաղության հաստատման և հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ին առաջին անգամ հասցեական հայտարարություն էին տարածել, ընդգծելով, որ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով հայկական կողմում տեղակայված ռազմական տեխնիկային։