211652_close_icon
views-count836 դիտում article-date 11:10 22-01-2021

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար․ «Էկոլուր»

Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար՝ երեխաների օրգանիզմում հայտնաբերված մկնդեղի և այլ վտանգավոր մետաղների պատճառով: Ծանր մետաղները հայտնաբերվել են չեխական «ԱՐՆԻԿԱ» ՀԿ-ի, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից 2020թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում: Լոռու մարզի Թումանյանի շրջանի քիմիական աղտոտվածությունն ազդում է բնակչության ամենախոցելի խմբերի՝ երեխաների և կանանց առողջության վրա, սահմանափակում է սոցիալ-տնտեսական զարգացման և եկամուտների ստացման հնարավորությունները: Քիմիական աղտոտվածության աղբյուրն Ախթալայում, հարևան Ալավերդիում և Շնողում կենտրոնացված լեռնամետալուրգիական ձեռնարկություններն են: Տեղեկացնում է «Էկոլուրը»։ «Մտահոգիչ է, որ ազդակիր տարածքում բնակվող տասնամյա տղայի մեզի մեջ հայտնաբերվել է մկնդեղ՝ 58 մկգ/գ կրեատինինի բարձր կոնցենտրացիայով: Մկնդեղ է հայտնաբերվել նաև հետազոտություններին մասնակցած այլ երեխաների կենսանմուշներում»,- 2020թ-ի դեկտեմբերի 15-ին «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի շրջանակներում կազմակերպված առցանց կոնֆերանսի ժամանակ նշեց չեխ փորձագետ, դոկտոր Միրոսլավ Շուտան: «Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի առկայություն՝ 6-58 մկգ/գ կրեատինինի սահմաններում: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Նահատակի պոչամբարի հարևանությամբ ապրող երեխաների շրջանում»,- նշեց նա: Մյուս վտանգավոր տարրը կադմիումն է, որի պարունակությունը գերազանցել էր ստուգիչ նմուշների ցուցանիշները: Փոքր Այրումի և Մեծ Այրումի երկու բնակիչների կենսանմուշներում հայտնաբերվել է կադմիումի առավելագույն պարունակություն: Այս արդյունքները հաստատում են երեխաների առողջությանը սպառնացող ռիսկերի մասին նախորդ հետազոտությունների եզրակացությունը: 2020թ. «ԱՐՆԻԿԱ» չեխական քիմիական անվտանգության ՀԿ-ն, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-նների հետ համատեղ իրականացրեց մարդու առողջության վրա աղտոտված տարածքների ազդեցության հետազոտություններ ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում, Փոքր Այրում և Ճոճկան բնակավայրերում։ Բնակիչներից վերցված ավելի քան 70 կենսանմուշների փորձաքննությունն իրականացվել է Ուստի-նադ-Լաբեի (Չեխիա) Հասարակական առողջության ինստիտուտի հավատարմագրված լաբորատորիայում: Այդտեղ հետազոտել են մեզի կենսանմուշներում մկնդեղի, կադմիումի, պղնձի, նիկելի և կապարի պարունակությունը: Համեմատության համար կենսանմուշներ վերցվել են նաև էկոլոգիապես անվտանգ համարվող Տավուշի մարզի բնակիչներից: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել ծանր մետաղների բացակայությունը այդ կենսանմուշներում: «Ակնառու է տեղի բնակիչների առողջության վատթարացումը, որի մասին իրենք բարձրաձայնում են հանդիպումների և անհատական զրույցների ընթացքում։ Հարվածի տակ է գյուղատնտեսությունը: Տեղական շուկայում ապրանքները դժվար են սպառվում, բերքատվությունը նվազում է շարունակական աղտոտման արդյունքում», - նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: «Տեղի բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել աղտոտվածության խնդրի լուծման և նշված համայնքների բնակչության վրա այդ աղտոտվածության բացասական ազդեցության վերաբերյալ: Հետևաբար, անհրաժեշտ ենք համարում ժամանակին տեղեկացնել մարդկանց և բացատրել ինչպես բնակիչներին, այնպես էլ պաշտոնատար անձանց և կառույցներին, թե գործնականում ինչ են նշանակում հետազոտության արդյունքները նրանց համար»,- հավելեց «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն (Չեխիա): Բնակիչների շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ նրանք անհանգստացած են իրենց տարածաշրջանում շրջակա միջավայրի վիճակով: Բնակիչների մի զգալի խումբ որոշել է իր իրավունքները պաշտպանել դատարանում՝ պահանջելով փոխհատուցում իրենց առողջությանը հասցված վնասի դիմաց, ինչպես նաև տնտեսական, բնապահպանական և սոցիալական վնասների դիմաց: Այդ նպատակով ծրագրի փորձագետ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն իրականացրել է օրենսդրական դաշտի վերլուծություն, ինչը թույլ է տալիս դատական կարգով պաշտպանել սոցիալական և բնապահպանական իրավունքները: Օլեգ Դուլգարյանը և Վալերիա Գրեչկոն հույս հայտնեցին, որ հետազոտությունները կշարունակվեն, որոնց հիման վրա բնակիչների համար ավելի հեշտ կլինի պաշտպանել իրենց իրավունքները:

Նմանատիպ նյութեր