211652_close_icon
views-count2250 դիտում article-date 21:08 20-01-2021

Ճանապարհների բացման հետ հույսեր կապելը միֆ է, անցած երկու տարում մեր տնտեսական պոտենցիալը հյուծվել է, թուրքական կապիտալին դիմադրելը բարդ է լինելու. Վարդան Արամյան

Անհասկանալի է, թե Հայաստանի ապաշրջափակվող ենթակառուցվածքներն ինչ կապուղիներով են միացվելու տրանսպորտային այլ հանգույցների, և պետք է հաշվարկել, թե տնտեսվարողի ծախքերի վրա դրանք որքան դրական են ազդելու․ ասվում է, թե տնտեսական բում է լինելու, իհարկե այդպես չէ, այդ հանգույցներն ինտեգրված չեն Հայաստանին, դրանք ինտեգրված են Ադրբեջանին և Թուրքիային: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախկին նախարար: «Մեր ապաշրջափակումն ավելի մեծ տնտեսական էֆեկտ է բերելու Ադրբեջանին և Թուրքիային, ոչ թե Հայաստանին։ Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հստակեցվի, թե ենթակառուցվածքներն ինչպես են իրար միանալու։ Դու կարող ես ունենալ ճանապարհ, որը կլինի ոչ անվտանգ, դրա տնտեսական արժեքը զրոյական է կամ շատ փոքր։ Պետք է սկսել անվտանգային խնդիրներից»,- ասել է նախկին նախարարը: Ըստ Արամյանի՝ 2020-ի 11 ամսվա տվյալներով՝ 7,3 տոկոս տնտեսական անկում ունենք, տարեկան ցուցանիշը կլինի ավելի քան 8 տոկոս. «Եթե ազատականացնենք առևտուրը հարևանների հետ, կհակադրվեն տնտեսական և ազգային դոկտրինները։ Թուրքիայի տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, քան նույնիսկ Ռուսաստանինը։ Մեր տնտեսությունը երեք անգամ թույլ է Ադրբեջանի տնտեսությունից։ Այս տանդեմին դիմակայելը շատ բարդ է լինելու, պետք են սահմանափակումներ, պրոտեկցիոնիզմ, բայց բիզնեսը միշտ ճանապարհներ է գտնում»: Նախկին նախարարի կարծիքով՝ եթե ադրբեջանական կապիտալը նպատակադրվի, մուտք կգործի մեր շուկա, և ուրեմն՝ մեր իդեա-ֆիքսը պետք է լինի տնտեսությանն ավելի բարձր աճի տեմպեր հաղորդելը, որ մրցենք հարևանների հետ. «Եթե հանրության գոնե 40-45 տոկոսն ազգային գաղափարախոսություն ունենա, պատրաստ կլինի ավելի թանկ վճարել, բայց գնել տեղական ապրանքը, դիմակայել օտարներին։ Ցավոք, մեզ մոտ նման գաղափարախոսություն չկա։ Հայոց ցեղասպանության հարցում բոլորս համակարծիք ենք, բայց թուրքական ապրանքներ սպառելու վտանգների հարցում գիտակցում չկա, մինչդեռ կարևորը վարքագիծն է»: Վարդան Արամյանի պնդմամբ՝ կարևոր է, թե մենք ինչպես ենք մեզ տեսնում այս իրավիճակում, քանի որ Հայաստանը մեն-մենակ դուրս է գալիս աշխարհի, այդ թվում՝ մեծ էներգետիկ նախագծերի կայունության դեմ. «Չպետք է մտածենք, որ եթե ճանապարհները բացվեցին, ամեն ինչ հոյակապ է լինելու, դա միֆ է։ Այս տարվա 8 տոկոսանոց անկման պատճառն այն է, որ երկու տարում մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք։ Երբ մարդիկ տեսնեն, որ հոսանքը թանկանում է, իրենց մաշկի վրա զգան դա, կգիտակցեն, որ ունենք խնդիրներ։ Մեր անտուն մնացած հայրենակիցների բեռը ևս բյուջեի վրա է, այն դեպքում, երբ առանց այն էլ բյուջեն ծանրաբեռնված է ընթացիկ ծախսերով»: Նախկին նախարարի պնդմամբ՝ 2021-ի համար ծրագրված 3,2 տոկոսանոց տնտեսական աճն անիրագործելի է, միայն Սոթքի հանքի կորստով՝ այն արդեն իսկ չի իրականացվի, քանի որ այդ հանքը հարկատուների առաջին հնգյակում էր գտնվում: «Տնտեսական աճ ունենալու համար պետք է նախ անվտանգության գոտի ձևավորել՝ հարկաբյուջետային, դրամավարկային, քաղաքական կայունություն։ Սրանց բացակայության դեպքում ներդրումների մասին խոսելը մանկամտություն է»,- ամփոփել է Վարդան Արամյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր