1809 դիտում
11:26 14-01-2021
Իսկական պետության իսկական քաղաքացի լինելը ծանր բեռ է․ ինչո՞վ է վտանգավոր կուռք ունենալը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե վարչապետի թեկնածուն անգամ սպիտակ թուղթ ներկայացնի, ես դրան կողմ եմ քվեարկելու»: Այդպիսի մի բան էր ասել հեղափոխական պատգամավորներից մեկը՝ 2018 թվականի մայիսին Հայաստանում ծավալվող իրադարձությունների ժամանակ: Այսինքն` պատգամավորն իր առաջնորդին այնքան էր վստահում, որ նրա համար որևէ նշանակություն չուներ, թե ինչ ծրագրեր է ներկայացնելու և իրականացնելու ապագա կառավարությունը: Եվ դա ոչ միայն տվյալ պահի և տվյալ պատգամավորի խնդիրն է: Այդ մտածելակերպը գերիշխում է մեր հասարակական կյանքում արդեն 30 տարի, և այդպես են մտածում հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք ստեղծում են ինչ-որ մի կուռք, ինչ-որ սուպերհերոս, կամ, եթե նման հատկանիշներ ունեցող մարդու չեն տեսնում, ապա սպասում են նրա գալստյանը, երկու դեպքում էլ կարևոր չէ, թե ինչ է սուպերհերոսը արել, ինչ է անում և ինչ պատրաստվում անել՝ կարևոր է, որ նրան սիրում են, պաշտում են, վստահում են:
Մեր հասարակությունում այժմ նույն վիճակն է. մի մասը շարունակում է պաշտել Նիկոլին [ի հեճուկս նրա խայտառակ ձախողումների, բայց դե սերը, ինչպես գիտեք, կույր է), մի մասը մերժում է Նիկոլին, մի մասն էլ հարցնում է՝ եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ: Նշանակություն չունի այս մասերի տոկոսային փոխհարաբերությունը, էականն այն է, որ այդ երեք մոդելներն էլ հիմնված են անձնական վերաբերմունքի վրա, իսկ այդ մոտեցումներով պետական ինստիտուտներ չեն ստեղծվում և չեն գործում: Մեր քաղաքացիների մեծ մասը ցանկանում է տեսնել մի հրաշագործի, որն իր բացառիկ պարկեշտության և տաղանդի շնորհիվ ապահովելու է նրանց երջանիկ և բարեկեցիկ կյանքը:
Ինչո՞վ է այդ մոտեցումը վտանգավոր: Երբ ես կուռք եմ ստեղծում, ես դադարում եմ ինքնուրույն մտածելուց և կյանքի երևույթները գնահատելուց, ես գցում եմ իմ ուսերից այդ պատասխանատվությունը: Ի՞նչ կարիք կա այս կամ այն երևույթի կամ իրադարձության վերաբերյալ սեփական կարծիքը կազմելու, եթե կա առաջնորդ, որին ես վստահում եմ. նա կասի, թե ինչ է պետք մտածել կամ ինչ է պետք անել: Ինչպես իմ կուռքը կասի, այդպես էլ կվարվեմ, որովհետև նա միշտ ճիշտ է: Իսկ եթե նման կուռք չկա, իմ մտածելու միակ առարկան պիտի լինի այդ սուպերհերոսի փնտրտուքը: Ինչ խոսք, իսկական պետության իսկական քաղաքացի լինելը ծանր բեռ է, որից հայաստանցիների մեծ մասը ձգտում է խուսափել։
Ես, օրինակ, սպասում եմ, որ ներկա իրավիճակի մասին իր խոսքն ասի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինձ հետաքրքիր է նրա կարծիքը ոչ այնքան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել (այստեղ ինձ համար ամեն ինչ հիմնականում պարզ է), այլ այն մասին, թե ինչ է պետք անել: Հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան հարցին, ըստ իս, ճիշտ դուրս եկան, հետագայի համար էլ նա գուցե ճիշտ ճանապարհ ցույց տա: Բայց «Լեւոնի վկա» ես, միեւնույն է, չեմ դառնա: Այսինքն՝ չեմ համարելու, որ նախկինում նա միշտ ճիշտ է վարվել, եւ այսուհետ էլ նրա ամեն ասածը կամ արածը «հալած յուղի» տեղ չեմ ընդունելու: Չեմ պատրաստվում իմ սեփական ուղեղը որեւէ մեկին հանձնել:
Այժմ ասպարեզում Լեւոնի, Ռոբերտի եւ Նիկոլի «վկաներն» են, եւ այդ հանգամանքը, ճիշտն ասած, առանձին լավատեսություն չի ներշնչում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4146 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
3308 դիտում
11:12 17-12-2016
Ինչպե՞ս հաղթահարել ուտելիքը կուռք դարձնելու ամանորյա սովորույթը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»