211652_close_icon
views-count17050 դիտում article-date 22:00 06-01-2021

Պատերազմի հետևանքով ձևավորված նոր ստատուս քվոն ու պայմանները կտրուկ վատթարացրել են Սյունիքի անվտանգային բաղադրիչը. ադրբեջանագետ

Ադրբեջանը նախորդ տարիների համեմատ ռազմական բյուջեն կտրուկ ավելացրել է՝ պատերազմից հետո, բնականաբար, իրենք ունեն զինտեխնիկայի, ենթակառուցվածքների լուրջ կորուստներ, որոնք համալրելու են հաջորդ տարիների ընթացքում, կարծում եմ՝ մենք մյուս տարի Ադրբեջանի կողմից կտեսնենք նոր զինտեխնիկայի գնումներ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/06/Taron-Hovhannisyan/3489263?fbclid=IwAR1MDe-jmsF3-w4fxbP4QwOGQGbd6tizoNLWgyjGSu-9v7y2O8BsF99nR_8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը: «Այս ամբողջ գործողությունները ենթադրում են, որ Ադրբեջանը մի կողմ չի դնում ագրեսիվ քաղաքականության բաղադրիչը, ինչը երևում է թե՛ իրենց քաղաքական հայտարարություններում և թե՛ ռազմական բյուջեն ավելացնելու հարցում: Իհարկե, այդ ավելացումները կապված են նրա հետ, որ նրանք Արցախի օկուպացված տարածքներում տեղակայել են նոր բանակային կորպուս, սահմանային գիծը ՀՀ-ի և Արցախի հետ երկարել է, և հասկանալի է, որ ծախսեր են իրականացվում, բայց, ընդհանուր առմամբ, իրենց քաղաքականությունը ցույց է տալիս, որ ագրեսիայի բաղադրիչը մի կողմ չեն դնում»,- նկատեց նա: Հովհաննիսյանի համոզմամբ՝ հայկական կողմը պետք է բոլոր տարբերակները գործի դնի՝ բանակը վերակազմավորելու, արդիականացնելու և զինտեխնիկայի համալրումներ իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե քաղաքական դաշտում ինչ տարբերակներ կքննարկվեն, ինչ առաջարկներ կներկայացնեն, ինչպես կդասավորվեն հարաբերությունները: «Չեմ կարող կանխագուշակել՝ ապագայում նոր պատերազմ կլինի, թե ոչ և երբ կլինի, բայց որպես պետություն իրավունք չունենք այդ հավանականությունը մի կողմ դնելու, հետևաբար պետությունն իր անվտանգային քաղաքականությունը պետք է հիմնի՝ հաշվի առնելով վատթարագույնը և քիչ հավանական սցենարները, վճռական քայլեր իրականացնի, քանի որ կոնֆլիկտը չի սպառվել: Պատերազմի ընթացքում տեղի ունեցող գործողությունները ՝ ռազմական հանցագործությունները, հայրենազրկումը, տարածքների օկուպացումը և նմանատիպ գործողություները հաշվի առնելով, հակամարտությունն ավելի է խորանում և հետագա ընթացքը կախված է կողմերի ուժային հավասարակշռությունից և հնարավորություններից: Անկախ նրանից, թե քաղաքական դաշտում ինչ զարգացումներ կլինեն, ռազմական սցենարը չենք կարող մի կողմ դնել»,-ընդգծեց Տարոն Հովհաննիսյանը: ԱնդրադառնալովԱդրբեջանի հետ առևտրային նոր հարաբերությունների ձևավորման հավանականությանը՝ ադրբեջանագետը նշեց, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ առկա է եղել նաև 30-40 տարի առաջ: Նա օրինակ բերեց Թուրքիային և Հունաստանին, որոնց ՆԱՏՕ-ի թիմ մեկ կառույցի անդամ պետություններ լինելը և առևտրային ու այլ հարաբերություններ ունենալը չի վերացրել իրենց մեջ գոյություն ունեցող հակամարտությունը, և սրացումները պարբերաբար տեսնում ենք. «Չեմ կարող ասել՝ կլինեն հնարավորություններ ենթակառուցվածքները օգտագործելու, թե ոչ, իհարկե, կարող են լինել հարաբերական դրական զարգացումներ հօգուտ մեզ, սակայն պետությունը հավանական դրական զարգացումների հիման վրա չի կարող անվտանգային ռազմավարություն կառուցել, պետք է հաշվի առնել հնարավոր բացասական սցենարները: Անկախ նրանից՝ քաղաքական կարգավորումներ կլինեն, պետք է նկատի ունենալ, որ հակամարտությունը, միջէթնիկական թշնամանքը պատերազմի ընթացքում ավելի խորացել է, և հետևանքները տարիների ընթացքում զգացվելու են: Չեմ կարծում՝ դրական սցենարները և իլյուզիաների վրա կարող ենք եզրակացություններ անել, որ հավանական պատերազմի վտանգը վերանում է, և նմանատիպ խնդիր այլևս չենք ունենալու»: Խոսելով Սյունիքում որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու գործընթացի մասին՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդ կողմն իր քաղաքականությունից, գոնե տեսականորեն, մի կողմ չի դնում, որպես հավանական տարբերակ Սյունիքը օկուպացնելու քաղաքականությունը: Սակայն, ըստ ադրբեջանագետի, դա չի նշանակում, որ նրանք վաղը հարձակվելու են Սյունիքի վրա, դրա համար պետք է լինեն իրենց համար միջազգային քաղաքական նպաստավոր պայմաններ, իսկ դա կլինի, թե ոչ, դժվար է ասել. «Ոչ ոք չի կարող հակառակը պնդել, այո, պատերազմի արդյունքում ձևավորված նոր ստատուս քվոն ու պայմանները կտրուկ վատթարացրել են Սյունիքի անվտանգային բաղադրիչը, և բավական լուրջ վտանգներ են ստեղծվել ենթակառուցվածքների առումով: Սահմանը արևելյան կողմից ուղիղ շփման մեջ է, գլխավոր ճանապարհը նաև մասամբ ուղիղ դիտարկման գոտում է, Կապանին են մոտեցել, և այս առումով չեմ կարծում, որ որևէ մեկը հակառակը կարող է պնդել: Այո, անվտանգային առումով Սյունիքի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, պետք է մտածել՝ ի՞նչ միջոցներով է պետք հնարավորինս նվազեցնել անվտանգային սպառնալիքները»:

Նմանատիպ նյութեր