211652_close_icon
views-count1900 դիտում article-date 15:14 23-12-2020

ԵՄ-ն ՀՀ-ին հատկացնում է հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ COVID-19 դեմ պայքարի շրջանակում

Եվրոպական միությունը հայտնել է ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին հավելյալ 24 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Հայտնում է ՀՀ-ում ԵՄ գրասենյակը: ԵՄ որոշումը կայացվել է ԵՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված «ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման պայմանագրի» շրջանակներում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր»-ի մշակման, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում: 24 միլիոն եվրո արժողությամբ այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է՝ միտված օգնելու Հայաստանին ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը։ Այսօր հայտարարված այս աջակցությունը տրամադրվում է ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35,6 միլիոն եվրո աջակցությանը՝ լրացուցիչ ֆիսկալ տարածք բացելով Կառավարության առողջապահական և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար՝ ուղղված ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով տուժած խոցելի խմբերի և ձեռնարկությունների օժանդակությանը։ «Մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս բարդ ժամանակներում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԵՄ-ի կառուցողական և արագ արձագանքի համար՝ ի լրումն նախորդ ամիս տրամադրված 35.6 մլն. եվրո աջակցությանը: Այս նոր հատկացումը տրամադրվել է ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2020թ. ստորագրված բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում, որն ուղղված է ՔՈՎԻԴ-19 համավարակի դիմակայմանը: Մենք համոզված ենք, որ այն մեծապես կնպաստի համավարակից Հայաստանի վերականգնմանը՝ օգնելով Կառավարությանը հաղթահարել ճգնաժամի արդյունքում առաջացած դժվարությունները»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Եվրոպական միությունը և ԵՄ անդամ պետությունները վճռականորեն աջակցում են Հայաստանին ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարում՝ դրամաշնորհային օժանդակության միջոցով նպաստելով առողջապահության և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Այս տարի մենք Հայաստանին արդեն հատկացրել ենք ՔՈՎԻԴ-19–ի հետևանքների չեզոքացմանն ուղղված շուրջ 60 միլիոն եվրո դրամաշնորհ ուղղակի բյուջետային աջակցության տեսքով, և դեռ սպասվում է ավելին: Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարևոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր և փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը: Համավարակի դեմ պայքարը վստահաբար դեռ չի ավարտվել, բայց մենք կարող ենք այն հաղթահարել միայն միասնական լինելով»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԵՄ արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից, որի նպատակն է փրկել կյանքեր՝ մեր գործընկերներին ցուցաբերելով արագ և նպատակային աջակցություն՝ ուղղված այս համաճարակի դիմակայմանը: Այն համատեղում է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական ֆինանսական կառույցների ռեսուրսները՝ աջակցելու գործընկեր երկրներին, ինչպես նաև արձագանքելու նրանց կարճաժամկետ կարիքներին և հասարակության ու տնտեսության վրա երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություններին։

Նմանատիպ նյութեր