211652_close_icon
views-count71390 դիտում article-date 20:46 18-12-2020

Հայ-ադրբեջանական նոր համաձայնագիր է պատրաստ. Սյունիքում Վաղարշակ Հարությունյանը մասամբ անդրադարձել է դրան. 168.am

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի արդյունքում, Ադրբեջանը Սյունիքի մարզում ունենալու է ցամաքային ճանապարհ, որը Նախիջևանը կապելու է Ադրբեջանի հետ։ Նույն համաձայնագրով՝ Սյունիքի մարզի բազմաթիվ ռազմավարական դիրքեր հանձնվելու են թշնամուն, գործընթացն արդեն մեկնարկել է՝ Պաշտպանության նախարարությունն այդ դիրքերից հանել է հայկական զորքը։ Դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել էր Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարը համայնքների ղեկավարներին ասել էր, որ հայ-ադրբեջանական նոր համաձայնագիր է պատրաստվել, որը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի հետ, այն դեռևս միայն օնլայն է ստորագրվել, բայց հայկական կողմից փաստացի կստորագրվի և ինքնաթիռով կուղարկեն Ադրբեջան, որպեսզի այնտեղ ևս ստորագրեն։ Ի դեպ, համաձայնագրի մասին տեղյակ են նաև ռուսները, որոնք սյունեցիներին ասել են, որ համաձայնագրի հետ ռուսական կողմն առնչություն չունի։ [url=https://168.am/2020/12/18/1431431.html?bclid=IwAR2OsaS2zDjUKBlRVRu_JDGQXp97f3RFOq962Lx_qBBNxU0KcsKNJkMPhmc]168.am[/url]-ը Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանից, որը մասնակցել էր այդ հանդիպմանը, հետաքրքրվեց, թե Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանն ի՞նչ են քննարկել, Պաշտպանության նախարարը նոր փաստաթղթի մասին որևէ բան ասե՞լ է։ «Ինչ-որ համաձայնագրի մասին խոսք չի եղել, մենք խոսել ենք միայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին։ Մենք Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել ենք համաձայնագրի դրույթները, դիրքերը հանձնելու պատճառները, ինչպես նաև հետագա գործողությունները՝ անվտանգության ապահովման հետ կապված»,- նշեց Գևորգ Փարսյանը։ Նրա նաև ընդգծեց, որ այդ համաձայնագրով թշնամին մոտենում է Սյունիքի մարզի սահմաններին, որը շատ վտանգավոր է։ «Անվտանգության առումով այս ամենը շատ ռիսկային է»,- նշեց նա։ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նույնպես մասնակցել էր Վաղարշակ Հարությունյանի հետ նշյալ հանդիպմանը։ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վաղարշակ Հարությունյանն իրենց ասել է, որ ինչ-որ նոր համաձայնագիր կա, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ որևէ առնչություն չունի։ «Դե գիտեք ինչ, ես մանրամասն չգիտեմ, բայց կարծեմ ասաց, որ այն այս պրոցեսներում ռուս սահմանապահ ուժեր ներգրավելու մասին է»,- նշեց նա։ Հարցին՝ հետաքրքրվե՞լ են, թե այդ համաձայնագիրն ինչ վտանգներ է պարունակում իր մեջ, այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի համաձայնագիրն է, Մանվել Փարամազյանը պատասխանեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը տեղով վտանգ է։ «Այստեղ երկար-բարակ խոսելու բան չկա, այդ ստորագրված փաստաթուղթը տեղով մեկ ամենամեծ ռիսկն է պարունակում։ Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ մենք նաև խոսել ենք սահմանազատումների մասին և անվտանգության երաշխիքներից, թե ո՞վ է այն մեզ տալու, որն առ այսօր չկա։ Մինչ այսօր իշխանության կողմից այդ անվտանգության երաշխիքներ չկան, ո՞վ է դա տալու։ Ինչպե՞ս եղավ, որ մենք մեր զբաղեցրած դիրքերը հետ տվեցինք, և ժամ դրեցին, որ այսօր մինչև 17։00-մ մեր ամենալավ, գերիշխող դիրքերից դուրս գանք։ Նեուժե՞լի չէին կարողանում այդ հարցերը լուծել։ ՊՆ-ից եկան ու ինձ ասացին, թե՝ պարոն Փարամազյան, 30 մետր դիրքերը հետ տվեք, նեուժե՞լի այդքան անճար են, անկարող են 30 մետր հողի հարց լուծել։ Մենք ինչպե՞ս կարող ենք վստահել այս իշխանություններին»։ Հարցին՝ այդ նոր համաձայնագրի հետ Ռուսաստանն առնչություն ունեցե՞լ է, այդ հարցը ՊՆ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նման հարցեր չեն քննարկել, ավելի շատ խոսել են իրենց մտահոգող հարցերից, այն է՝ Սյունիքի անվտանգությունը։ «Ձեր տունը շինվի, պատերազմը 44 օր տևեց, առաջին մի քանի օրերին էր թեժ պատերազմ, մնացած օրերին, առանց մի կրակոցի ու պատրոնի՝ հանձնեցին հողերը, մինչև ե՞րբ պետք է հող տան։ Այ ցավդ տանեմ, հիմա մենք ավելի վատթար վիճակում ենք հայտնվելու, քան 90-ականներին էինք։ Այդ պոստերը, որոնք մենք զբաղեցրել էինք, հենց այնպես չէինք զբաղեցրել, դա կռվով ենք վերցրել, պահել ենք, ի վերջո, դրա համար մեր տղաների արյունն է թափվել։ Քաջարանի Երկրապահը 1990-92թթ․ այստեղից է սկսել, պատկերացրեք, որ հիմա 90 թվականից էլ են հետ, անգամ կես սանտիմետր հետ են տալիս, ասում են՝ սխալ տեղում եք։ Սա մեր խնդիրը չէր, այլ երկրի դիվանագիտության, պետք է կարողանային ճիշտ բանակցել, կես սանտիմետր հող էլ չեն կարողանում պահել, ուր մնաց՝ անվտանգության երաշխավոր լինել։ Ես իրենց վրա հույս չեմ կարողանում դնել, այլևս անվտանգության երաշխավոր չունենք։ Մենք Պաշտպանության նախարարին ասացինք, որ մենք մինչև վերջ կանգնելու ենք, պաշտպանենք մեր հողը, իրենք պատրա՞ստ ենք մեզ աջակցել, այսինքն՝ ռազմամթերքով, նա էլ ասաց՝ ոչ»,- եզրափակեց Մանվել Փարամազյանը։ Նշենք, որ այսօր խորհրդարանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանազատման հետ կապված խնդիրներին՝ ասել էր, որ սահմանազատում կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքի վրա. «Հենց այդ փաստաթղթերի հիման վրա է կատարվում դեմարկացիա։ Այսինքն՝ այստեղ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, և ըստ փաստաթղթի էլ՝ մենք առաջ ենք շարժվում»,- ասել էր Արմեն Գրիգորյանը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։ Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Նմանատիպ նյութեր