2890 դիտում
13:20 11-12-2020
Անդրանիկ Քոչարյան, այդ դո՛ւ ես պարտվել, հայ զինվորը չի պարտվել․ Տիգրան Ներսիսյան․ 168.am
Եթե մի կառավարության ղեկավար տանուլ է տվել պատերազմը, պետք է հրաժարական տա ու հեռանա։ Մեզ հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։ Գրում է [url=https://168.am/2020/12/11/1425695.html?fbclid=IwAR2G09HGWMvRgpWixk3m2lt6_WRyZubOdnJ9VzuWY7vVypvmvIksHBIYeHs]168․am[/url]-ը։
«Արցախի հարցում նման հանգուցալուծում անգամ մտքովս չէր անցնի։ 44 օր մեզ ասում էին, որ հաղթում ենք, բայց վերջում հակառակը պարզվեց։ Այդ կապիտուլյացիա ասվածը հայ մարդու, հայ զինվորի համար չէ։ Բայց մենք տեսանք, թե ինչպես այդ խայտառակ կապիտուլյացիայի պայմանագրով՝ թղթի կտորով, մեկ վայրկյանում զրոյացվեց Եռաբլուրում պառկած հերոսների կյանքերի գնով, զինվորների, սպաների, գեներալների կերտած 30 տարվա հաղթանակները, թե ինչպես կորցրինք Արցախը։ Սա ոչ մի գիտակից մարդու ուղեղում չի տեղավորվում»։
Ըստ Ներսիսյանի՝ տպավորություն է, որ Հայաստանում ղեկավարություն չկա, քանի որ ադրբեջանցին արդեն GPS-ով սահմաններ է գծում Հայաստանում․ «Սա ի՞նչ է նշանակում։ Մի թիզ հողի համար մարդիկ կյանք են տվել, այսինքն՝ ոչի՞նչ, որ թշնամին եկել ու ասում է՝ Սյունիքում 800 մետր հետ նահանջեք,- բարկացած հարցադրումներ է անում արտիստն ու զարմանում հանրության մի հատվածի անտարբերության վրա,- Ի՞նչ է, այս ազգի համար միայն Երևանն էլ մնա՝ նորմա՞լ է, ու պարզ էլ չէ՝ այդ Երևանն էլ որքան ժամանակով մեզ կմնա։ Այս ի՞նչ է կատարվում, սթափվե՛ք, լկտի ու ցինիկ հաղթողի դիրքերից թուրքը Հայաստանի հողերն է զավթում»։
Ներսիսյանին բարկացրել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն արտահայտությունը, թե մենք պիտի գնանք հաղթողի հետ բանակցելու․ «Այսինքն, դուք ձեր պարտությունն ընդունո՞ւմ եք, գուցե պարզե՞ք՝ այդ «հաղթանակն» իսկապես «հաղթանա՞կ» է եղել, թե՞ դավաճանության ու դավադրության արդյունք։ Անդրանիկ Քոչարյան, այդ դո՛ւ ես պարտվել, հայ զինվորը չի պարտվել, 18-20 տարեկան տղերքը չեն պարտվել։ Նրանք իրենց կյանքն են տվել, ու եթե չլիներ հայրենիքի հանդեպ այս դավադրությունն ու դավաճանությունը, երբեք չէր լինի այդ խայտառակ «հաղթանակը»՝ կապիտուլյացիան,- ասում է վաստակավոր արտիստն ու ընդգծում,– Օտար երկրի շահերը հետապնդողն ու դրա դիմաց գումարներ վաստակողն ունի մեկ անուն՝ դավաճան։ Երբեք չէի մտածի, որ Հայաստանում այդքան գործակալ կարող է լինել»։
Նրա համար ցավ է, երբ դեռ մեր զոհված տղերքի արյունները չչորացած՝ այսօրվա կառավարության գերատեսչության ղեկավարները թուրքի հետ առևտրի մեջ են ուզում մտնել․ «Այս ի՞նչ թուրքասիրություն է, այդ 5000 տղերքին մի քանի օր առա՞ջ չեն սպանել թուրքերը, այդ գերիների խոշտանգումները, որ նայում եք, իրենք չե՞ն անում։ Հենց այսօ՞ր պիտի այդ սահմանները բացելու մասին մտածեք, հենց այսօ՞ր բռնեց թուրքի հետ առևտուր անելը»։
Ներսիսյանի համար տարօրինակ է, որ 5000 զոհ ունենք ու մինչև օրս մեր երկրում դեռ սգո օր հայտարարված չէ․ «Համահայկական նման ողբերգությունից հետո պիտի չխոսվի՝ սգո օր անո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Դա պիտի արդեն հայտարարվեր։ Այս ազգն ի՞նչ վիճակում պետք է լինի, որ այսօր խոսակցություններ գնան տոնածառ դնելու կամ չդնելու մասին, կամ՝ տոնական լույսեր կախե՞նք, թե՞ ոչ ․․․ Համոզված եմ, մեր ազգի ինչ-որ մի տոկոսը սոլիդ դեգրադացված վիճակում է։ Բա Փաշինյանի ստորագրած այդ թղթի մեջ ինչո՞ւ չկար ռազմագերիներին վերադարձնելու տողը։ Կարծես կապիկների մոլորակ լինի, ռազմագերիների, անհետ կորածների հարազատներին գցել են գերատեսչությունների դռները ու մտածում են միայն իրենց «հանապազօրյա հացի», պարգևավճարների մասին։ Այդ պարգևավճարներն ո՞ւր են մտցնելու, ինչքա՞ն ու ի՞նչ խորությամբ, բավական չէ՞»։
Նրան նյարդայնացնում է նախկինների ու նորերի բաժանումը, ասում է՝ ամեն ինչ նախկինների վրա բարդելը հեշտ է, սեփական մեղքը գիտակցելն է դժվար։
«Կանցնի 40 տարի, ու երբ մեկն կուզենա ինչ-որ մեղք գցել ինչ-որ մեկի վրա, կասի՝ ա՛յ, էն խողովակը, որ պայթել է, նախկինների արածն է։ Երբ նրան կասեն, որ այդ նախկինները չկան, կասի՝ ոչ, իրենց զավակներն են, թոռներն են․․․ Այսօրվա կառավարության բարձր պաշտոններում էլ կան մարդիկ, որոնք շատ կարկառուն նախկիններ են եղել, այսինքն՝ այն նախկինները, որ «տեղավորվել» են, լա՞վն են։ Եվ ընդհանրապես այս ի՞նչ գունաբաժանում է»,- վրդովված հարցնում է Տ․ Ներսիսյանն ու պնդում, որ սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների ծիլերը հենց անկախության հռչակումից հետո է տրվել։
«Անկախության ժամանակվանից այնպիսի «մտավորականների» «աճեցրեցին»՝ դարձրին աստղ, որ նրանք այսօր շատ լուրջ դեմքով ասում են՝ ես՝ մտավորականս։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Շառլ Ազնավուրն ասեր՝ ես՝ մտավորականս․․․»։
Մեր այն դիտարկմանը, թե 2․5 տարի առաջ Ձեր այդ մատնանշած «մտավորականությունն» էր, որ փողոցային հարթակներում պահանջեց նախկինների հրաժարականն ու Փաշինյանին բերեց իշխանության, սակայն այսօր բոլորից բարձր են գոռում, թե Փաշինյանը դավաճան է, պիտի հեռանա, իսկ մեզ կներեք՝ սխալվել ենք, Տ․ Ներսիսյանն ասաց․
«Դա ամենահեշտ ձևն է, թե սխալվել եմ։ Մտավորականն իրավունք չուներ սխալվելու։ Ես բեմի մարդ լինելով՝ երբեք ինձ չեմ պատկերացրել այդ հարթակներում, որ բարձրանամ ու գոռգոռալով ինչ-որ բան ասեմ։ Բայց դա չի նշանակում, որ մտահոգված չեմ երկրի խնդիրներով։ 90-ականներին էլ կային «մտավորականներ», որ հարթակներում գոռգոռում էին, որոնցից ոմանք էլ հետո պաշտոններ ստացան․․․»։
Տիգրան Ներսիսյանի համար անընդունելի են հեռվից մեզ ճիշտ ապրել սովորեցնող՝ սփյուռքում ապրող հայտնի անհատների հորդորները։
«Թող գան այստեղ ապրեն, նոր թելադրեն։ Օրինակ՝ Արսինե Խանջյանը ոչ մի բարոյական իրավունք չունի հեռվից մեզ խորհուրդներ տա, թելադրի, թե ինչպես ապրենք։ Առանց այդ էլ իրենց թելադրածների պտուղները քաղում ենք»,- ասում է մեր զրուցակիցը՝ միաժամանակ նկատելով, որ սփյուռքում կան շատ հայրենակիցներ, որոնք մշտապես կանգնած են հայրենիքի կողքին։
«Ի դեպ, պատերազմի ժամանակ սփյուռքի ուղարկած այդքան օգնություններն ո՞ւր են, հիմնադրամին ուղարկված նրանց գումարներն ո՞ւր են։ Ով ինչ ուզում՝ անում է, ու դրան արդարացում չկա»,- հարցնում է նա։
Այնուամենայնիվ, Ներսիսյանն ասում է, որ այս պահին համար մեկ խնդիրը հայրենիքը դավաճանած Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/12/11/1425695.html?fbclid=IwAR2G09HGWMvRgpWixk3m2lt6_WRyZubOdnJ9VzuWY7vVypvmvIksHBIYeHs]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
2613 դիտում
11:26 02-02-2021
Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես․ «Առավոտ»
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
970 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան