211652_close_icon
views-count4352 դիտում article-date 09:43 09-12-2020

Մի քանի օպերացիա. ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց դավաճանությունը. Միքայել Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանը մեզ թալանեց, վերցրեց մեր ողնաշարը։ Այս մասին ասել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած՝ «Ռեքվիեմ» խորագրով շարքի հերթական տեսանյութում, որը վերնագրել է «Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց դավաճանությունը, ինչպես ծախեց Հայրենիքը»։ «Լեռնային Ղարաբաղ, Արցախ կամ Արցախի Հանրապետություն, այս բառերը մեզ համար չափազանց կարևոր են եղել միշտ։ Աշխարհում չկա մի հայ, որը չունենա ուղիղ ինչ-որ մի կապ այդ բառերի հետ. արյունակցական կապ, պատմություն, հաղթանակի համար հպարտություն, կորուստների համար ցավ, ընտանեկան ցավ։ Գիտեք՝ 1988 թվականից Արցախը դարձավ մեր ողնաշարը, վստահորեն կարող եմ պնդել, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունը կառուցվել է Արցախի շուրջ։ Արցախը դարձավ այն ողնաշարը, որն ուղղեց մեր մեջքը։ Բոլորն անխտիր քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով։ ՀՀ առաջին նախագահը եկավ իշխանության՝ Ղարաբաղը պահելու նպատակով։ ՀՀ երկրորդ նախագահը եկավ Ղարաբաղից և Ղարաբաղը պահելու նպատակով։ ՀՀ երրորդ նախագահը եկավ Ղարաբաղից և Ղարաբաղը պահելու նպատակով։ Հայաստանի ղեկավարները լքել են իրենց պաշտոնները Ղարաբաղի պատճառով։ Առաջին նախագահը լքեց իր պաշտոնը, որովհետև ուներ անհամաձայնություն, թե ինչպես պահել Ղարաբաղը։ Երրորդ նախագահը մերժվեց, որովհետև ուզում էր պահել Ղարաբաղը։ Քաղաքական բոլոր ուժերը քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով, բացի մեկից՝ Նիկոլ Փաշինյանից։ Այո, Նիկոլ Փաշինյանը նույնպես եկավ Ղարաբաղով։ Նա եկավ Ղարաբաղով հակառակ կողմից, նա եկավ՝ մերժելով Ղարաբաղը։ Նիկոլ Փաշինյանը մի անձնավորություն է, որն իր ողջ գիտակից քաղաքական և հասարակական կյանքում մերժել է Ղարաբաղը և արցախիզմը, որովհետև այդ ողնաշարը, որը կառուցել էինք բոլորս, Նիկոլ Փաշինյանը մերժում էր։ Իր շուրջ հավաքվել էին այն մարդիկ, որոնք նաեւ մերժում էին Ղարաբաղը: Եկեք ֆիքսենք, որ սորոսականության օֆիցիալ նպատակը Հայաստանում, դա Հայաստանն էր առանց Ղարաբաղի, որովհետեւ Հայաստանն առանց Ղարաբաղի իրենց ընկալումներում նշանակում էր Հայաստանն առանց Ռուսաստանի: Դա նշանակում է Հայաստանը մտցնել «գլոբալ աշխարհի» մեջ, իսկ դրա հետեւանքները մենք կրում ենք: Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր պատկերացումները Լեռնային Ղարաբաղի շուրջ, նա բազմիցս դրա մասին գրել է: Դուք դրա մասին կարող եք կարդալ իր «Երկրի հակառակ կողմը» գրքում»,-ասաց Մինասյանը: Նա հիշեցրեց, որ 2018-ի գարնանը ԱԺ-ում իր ընկեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց տվեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով վերջինիս միտքը, ըստ որի Փաշինյանն ասել է. «Ես չեմ հավատում, որ լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին: Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր այդ հոդվածում նման նախադասություն գոյություն չունի: Միքայել Մինասյանը հիշեցրեց, որ Արման Սաղաթելյանը ցույց է տվել հենց «Հայկական ժամանակի» այդ համարը, որտեղ այդ նախադասությունը կար, իսկ այդ պահին Նիկոլ Փաշինյանն արդեն դահլիճում չէր: «Ես ուզում եմ այստեղ հիշեցնել Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց գոռոցը, որոնք Արման Սաղաթելյանին համարում էին թալանչի: Անցավ երկու տարի, եւ հիմա վստահ եմ, որ դուք հասկացաք, որ Արման Սաղաթելյանն ուղղակի փորձում էր մեզ բոլորիս զգուշացնել, որ այդ մարդն ունի իր հստակ ծրագիրն ու պատկերացումները: Թե ի՞նչ էր թալանել Արման Սաղաթելյանը, ես չգիտեմ, բայց ես վստահ գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ թալանեց, վերցրեց մեր ողնաշարը: Նա չէր համարում, որ Արցախը Հայաստանի ողնաշարն է, ինքը համարում է, որ Արցախը Հայաստանի քաղցկեղն է, որը պետք է կտրել ու շպրտել այն կողմ: Ես այսօր կպատմեմ, թե նա ինչպես հետեւողականորեն 2 տարիների ընթացքում պատրաստեց ՀՀ-ն կապիտուլյացիայի եւ պարտության»,-ասաց Միքայել Մինասյանը: Նրա խոսքով, Իլհամ Ալիեւը միշտ ուզում էր Ղարաբաղի հարցը լուծել պատերազմի ճանապարհով. «Դրա համար իրեն պետք էր երեք կետ. դիվանագիտական բալանսի խախտում, նրան պետք էր ստեղծել մի իրավիճակ, երբ Հայաստանը կլիներ ոչ շահեկան դիվանագիտական վիճակում: Երկրորդը ռազմական բալանսի խախտումն է: Այո, ինքը միշտ ձգտել է եւ մինչեւ վերջերս նրան չէր հաջողվում ունենալ դրական բալանսի խախտում՝ ի օգուտ Ադրբեջանի, ի վնաս Հայաստանի: Եվ երրորդ, նա միշտ փորձել է Հայաստանը քանդել ներսից, որովհետեւ երբ հասարակությունն ամուր է, այդ հասարակությանը անհնար է հաղթել: Հայաստանը մինչեւ Նիկոլ Փաշինյանի գալը ներսում միշտ եղել է ամուր, որովհետեւ համարել է, որ ներքին խնդիրները մի կողմ, արտաքին թշնամին շատ ավելի վտանգավոր է: Նիկոլ Փաշինյանն այդ երեք խնդիրները հետեւողականորեն փոխեց: Սկսենք ներքաղաքականից. նրան պետք էր վերցնել ԵԿՄ-ն եւ քանդել: Քայլ համար մեկ, նա բեմադրեց օպերացիա «տուշոնկա»: Մանվել Գրիգորյանին գուցե այլ հարցերով հասնում էր դատ, բայց ոչ այն բանի համար, ինչի մասին Նիկոլ Փաշինյանի մոնտաժված ֆիլմն էր, որը նա հանձնարարել էր ոմն Ալեն Սիմոնյանին եւ ոմն Արեն Մկրտչյանին: Օպերացիա «տուշոնկան» երբեք չդարձավ քրեական գործ: Նիկոլ Փաշինյանը քանդեց ԵԿՄ-ն եւ նրա ղեկին դրեց մի անձնավորության, որի մասին մենք լսել ենք միայն կոռուպցիոն սկանդալներ: Մանվել Գրիգորյանից հետո Նիկոլ Փաշինյանը բեմադրեց «Ռոբերտ Քոչարյան» օպերացիան: Նրան պետք էր դա, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն այն մարդկանցից էր, որը նաեւ կարող էր ամրապնդելով ներքին բանակը, խանգարել հանձնել Արցախը: 2,5 տարի առաջ մենք լսեցինք լկտի սուտը, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է: Դրանից հետո լսեցինք, որ Ռոբերտ Քոչարյանը թալանչի է եւ պետք է նստի: Բայց նստեց «Մարտի 1»-ի համար, որովհետեւ եթե չնստեր, կխանգարեր «Մարտի 1»-ի արդար քննությանը: Ռոբերտ Քոչարյանն արդեն ամիսներ դրսում է, խանգարո՞ւմ է, ոչ: Նա նույնիսկ մեկ ամիս է՝ ունի անձնագիր, փախա՞վ, ոչ: Մարտի 1-ի գործի շրջանակում նսեմացվեցին, խայտառակվեցին, եւ հաջողվեց խաղից հանել ղարաբաղյան կարկառուն գեներալներին՝ Օգանովսկիից մինչեւ Սեյրան Օհանյան, Լեւոն Մնացականյանից մինչեւ Արշավիր Ղարամյան: Բոլորն անցել են այդ գործով: Հիշեք Յուրի Խաչատուրովին: Մենք այդ գործի շրջանակներում մեր կապերը անհասկանալի ձեւով քանդեցինք այն կազմակերպության հետ, որը պատասխանատու էր ՀՀ-ի անվտանգության համար: ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ այդ կառույցի ղեկավարը հայ էր, ղարաբաղյան պատերազմի կարկառուն մասնակիցներից մեկը: Փաստորեն հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որովհետեւ պետք էր անհապաղ կալանավորել, որ «Մարտի 1»-ի գործը բացվի: Յուրի Խաչատուրովը ոչ մի վայկրկյան չի նստել: Բայց մենք ունեցանք խայտառակված Հայաստան եւ քանդված հարաբերություններ ՀԱՊԿ-ի հետ: Հաջորդը Ապրիլյան պատերազմի հանձնաժողովն էր: Այդ հանձնաժողովում բոլոր այն հրամանատարները, գեներալները, որոնք չէին նսեմացել «Մարտի 1»-ի գործով, սկսեցին կանչվել կիսամարդկանց շուրջ զեկուցելու: Անցնենք առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը քանդեց այս ամենը, իրեն պետք էր Ազգային ժողովը: Իրեն դա պետք էր մի պատճառով, որ իրենք պատրաստեն ու դակեն բոլոր այն օրենքները, որոնք նախապատրաստեցին Հայաստանը պարտության, որոնք հնարավորություն տվեցին հանձնել Ղարաբաղը: Դրանից հետո եկավ «վնգստացող դատավորներ» օպերացիան: Վնգստացող դատավորները միանշանակ պետք էին, որպեսզի թալանը վերականգնվի, որպեսզի կոռուպցիոնորները մտնեն բանտեր, Հայաստանը ծաղկի, որ ձեզանից գողացված փողերը վերադառնան: Հիմա գիտե՞ք քանի կոռուպցիոներ է բանտում, զրո: Եվ իհարկե, Նիկոլ Փաշինյանին պետք էր Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն պետք էր, որովհետեւ այդ բոլոր միջազգային փաթեթները վերջում անցնում են ՍԴ-ով: Փառք Աստծո, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն էր, որը ուղղակի չվախեցավ: Մենք տեսանք երկու մարդու կռիվ՝ անողնաշար սատանայի եւ կիրթ հայորդու: Նրա բոլոր հնարավոր սանիկներին ձերբակալեցին, աղջիկներին տարան ԱԱԾ, հորը տարան ԱԱԾ եւ չգտան ոչինչ: Նա դիմացավ 2 տարի: Գիտե՞ք երբ սկսվեց պատերազմը, երբ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր օրենքները խախտելով գրավեց ՍԴ-ն, ՍԴ նախագահ նշանակվելուց ուղիղ 7 օր հետո սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը, որը բերեց ՀՀ-ի կապիտուլյացիայի: Այդպիսի համընկնումներ չեն լինում: Հաջորդ կետը՝ Ղարաբաղը: Որպեսզի Ղարաբաղը հանձնվեր, պետք էր Ղարաբաղում իրենց համար հարմար իշխանություն: Քանի որ մենք տեսել ենք, որ ՀՀ-ում կա իշխանության երեք բեւեռ, դա Նիկոլ Փաշինյանն է, Աննա Հակոբյանն է եւ մեծ Սորոսն է: Այդ երեքգլխանի դեւը Արցախում էլ առաջացավ: Ֆեյսբուքի կապիկ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի օրհնությամբ ընտրվեց Արցախի նախագահ, Աննա Հակոբյանը որոշեց, որ ԱԽ քարտուղար պետք է լինի Սամվել Բաբայանը, իսկ մեծ Սորոսը որոշեց, որ երրորդ դեւը պետք է լինի Մասիս Մայիլյանը: Մենք ունեցանք Ղարաբաղում խամաճիկ իշխանություն, որը պատրաստ էր անել ամեն ինչ: Պակասում էր երրորդ կետը՝ երկիրը պատրաստել կապիտուլյացիայի: Այդ օպերացիան ստանձնեց Աննա Հակոբյանը, որը սկսեց ուղղակի միակողմանի խաղաղության քարոզ: Իմ ընկալման մեջ խաղաղությունը պատերազմի բացակայությունն է եւ հաղթանակ: Աննա Հակոբյանի պատկերացմամբ դա պարտություն է եւ պատերազմ: Երբ այսպես կոչված ընդդիմությունը այսպես կոչված իշխանությանն ասում էր՝ մի պառակտեք, դա ենթադրվում էր, որ դա գեղեցիկ կենացային բան է՝ վախը ծածկելու համար: Ոչ, մի պառակտեքը սա է, որ երբ թշնամին հասավ, մենք բոլորս տեսանք, որ մենք չունեինք հերոսներ, հրամանատարներ, մարդիկ, որոնք կարող էին համախմբել հասարակությանը: Չկային մարդիկ, որոնք ունեին հեղինակություն: Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն քանդեց Հայաստանը ներսից՝ պատրաստելով կապիտուլյացիայի: Մյուս մասը ռազմական բաղադրիչն է։ Համար մեկ. Նիկոլ Փաշինյանը կրճատեց այն ստորաբաժանումները, որոնք պետք է լինեին ռեզերվային եւ հասնեին օգնության պատերազմի ժամանակ: Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը չեղյալ համարեց 2017 թվականին կնքված բոլոր տիպի պայմանավորվածությունները եւ ծրագիրը, որը նախատեսում էր սպառազինության տեսակների գնում՝ 2017-2025 թվականներին: Այդ ծրագրում նախատեսված էին բոլոր այն զինատեսակները, որոնք որոնք հիմնված էին այն դեպքերի վրա, որոնք տեսանք ապրիլյանի ժամանակ: Արդեն կար մտածված պլան, թե ինչ զենքեր առնենք, որ չունենանք այդ խնդիրներր: Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանն սկսեց գնել հայտնի «ՕՍԱ-ԱԿ»-ները, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված գեներալ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ հին էին եւ չէին կրակում: Նիկոլ Փաշինյանը գնեց «ՍՈՒ-30» ռազմական օդանավեր: Դրանցով միշտ թռան բացի այն ժամանակվանից, երբ պետք էին: «ՍՈՒ»-երը երբեք չեն օգտագործվել այս շրջանում: Հայաստանը դրանց համար ծախսել է հարյուրավոր միլիոններ, գոնե հանեիք օգտագործեիք: Գիտե՞ք ինչու չի օգտագործվել, որովհետեւ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառել, դրա համար մեր «ՍՈՒ»-երը մնացել են առանց զինամթերքի: Մենք ունեինք պայմանագիր ՌԴ-ի հետ: Ռուսաստանը մատակարարում էր պայմանագրերի շրջանակում անվճար զենք-զինամթերք: 2018-ի մայիսից մինչեւ այսօր Ռուսաստանից անվճար մատակարարվել է զրո զինամթերք, Ռուսաստանը չի մատակարարել ոչինչ, քանի որ վստահ չէր դաշնակցի հավատարմության վրա: Իրենք գիտեին, որ զենքերը դուրս են գալիս Հայաստանից: Մենք գիտենք, որ այդ զենք-զինամթերքը հայտնվում էր երրորդ երկրներում: Հաջորդը, ՀՀ-ն ուներ շատ հստակ կազմակերպված մի գործընթաց, որով պետությունը գնում էր պետությունից զենք-զինամթերք: Նիկոլ Փաշինյանը դա էլ քանդեց եւ Դավիթ Տոնոյանի հետ իրենք իրենց գործընկեր եւ հարազատ ընկեր ոմն «Պատրոն Դավիթի» հետ միասին ստեղծեցին կոռուպցիոն համակարգ, որը զրկեց Հայաստանին Ռուսաստանից պետական գներով գնելու զենք-զինամթերք: Հաջորդը, խայտառակ իրավիճակ կարգապահական եւ կադրային զորքերում: Կա 9 պաշտպանական շրջան: Դրանցից 8-ի հրամանատարները վերջին 2,5 տարում մի քանի անգամ փոխվել են: Մի քանի անգամ փոխվել է ՊԲ հրամանատարությունը: Պատերազմող երկրում երեք անգամ փոխվել է ԳՇ պետը: Պատերազմող երկրում նշանակվեց ստորաբաժանման ղեկավար մի անձնավորություն, որը հայտնի էր մի բանով, որ իր ենթակայության տակ զինվորները միացել էին թավշյա հեղափոխությանը:Այդ մարդուն նշանակեցին սահմանապահ զորքերի հրամանատար: Թե ինչ եղավ դրանից հետո, մի օր կխոսենք, բայց ես ասում եմ, որ հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը նրան ազատում է խայտառակ պահելաձեւի եւ պետական դավաճանության կասկածի համար: Նիկոլ Փաշինյանը նշանակում էր մարդկանց, որոնց կամ ինքը համակրում էր, կամ ուներ անձնական կապ եւ հավատարմություն: Հաջորդը՝ ԱԱԾ. Մեր դաշնակիցները մեզ չեն տվել ոչ մի հետախուզական տեղեկատվություն երկու պատճառով. նախ չէին հասցնում ծանոթանալ ԱԱԾ ղեկավարների հետ, Նիկոլը դրանց արագ փոխում էր: Վերջում այդ պաշտոնում դրեց Արգիշտի Քյարամյանին, որը չի ունեցել նույնիսկ հեռախոսահամար, որպեսզի զանգի ու ինֆորմացիա խնդրի մեր դաշնակիցներից, որոնք տիրապետում էին, թե ամբողջ տարածաշրջանում ինչ է կատարվում: Նիկոլ Փաշինյանը ազատեց աշխատանքից Արգիշտի Քյարամյանին, որովհետեւ պարզվեց, որ նա իր բարեկամի հետ միասին կոռուպցիայից ելնելով փող են վերցրել եւ ՀՀ անձնագիր են տրամադրել տեռորիստներին: Երկրորդ պատճառը Արմեն Գրիգորյանն էր, ԱԽ քարտուղար էր մի անձնավորություն, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես Սորոսի Արմեն: Հիմա, երբ Ռուսաստանը համարում է Սորոսին թշնամի, կտրամադրի՞ գաղտնի հետախուզական ինֆորմացիա մի մարդու, որը Սորոսի դրածոն է: Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն քանդեց մեր բանակը: Քանդելով նա հասավ զորքի ուտելիքին: Հիշում եք այդ ամբողջ PR-ը, որի անունը ես դրել եմ ելակային քանդոցի: Ղարաբաղի բանակի ղեկավարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել այդ ծրագրից, դա անել Հայաստանում: Որովհետեւ, երբ սկսվում է պատերազմը, քաղաքացիական կազմակերպությունները որոնք պետք է մատակարարեն ուտելիքը, չեն կարող հասնել, եւ դա նորմալ է: Զորքը պետք է ունենա զենք եւ ուտելիք: Երբ սկսեց պատերազմը, այդ կազմակերպությունները չէին կարողանում մատակարարել ոչ միայն ելակը, այլեւ հացն ու միսը, եւ զորքը մնաց սոված: Անցնենք ամենակարեւորին՝ դիվանագիտական բաղադրիչին: Կա ծեծված մի ասացվածք, որ պատերազմներն սկսվում են այն ժամանակ, երբ ձախողվում է դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունը ձախողվեց 2018 թվականին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը քանդեց ամենակարեւոր բանը, որը ունեինք՝ մեր ամբողջ դիվանագիտական աշխատանքը: Ես խոսում եմ եւ դիվանագիտության, եւ Հայաստանի իմիջի, եւ Հայաստանի հեղինակության, եւ Հայաստանի ու հայ ժողովրդի դերի մասին: Ես կսկսեի նրանից, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն զրոյացրեց մեր ամբողջ դիվանագիտական աշխատանքը ամենամեծ թակարդով, որը նա միտումնավոր գցեց Հայաստանում: Նիկոլ Փաշինյանին պետք էր ռազմական հաջողություն, որը նա պետք է ներկայացներ աննախադեպ հաղթանակ, որպեսզի մարդիկ հավատային, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ ռազմական տաղանդ է: Դրա համար նա տավուշյան մարտից ստացավ տավուշյան հաղթանակ: Բաժանելով տասնյակներով մարտական խաչեր եւ ազգային հերոսի կոչումներ, Նիկոլ Փաշինյանն իրականում ստեղծեց իրենից հանճար, բայց մի մեծ վատություն արեց, նա Հայաստանի դե ֆակտո սարքեց ագրեսոր: Շատ կարեւոր նյուանս եմ ուզում ներկայացնել. Հայաստանը միջազգային հանրության ընկալումներում եւ դիվանագիտության մեջ, չնայած Ադրբեջանի ջանքերին, երբեք չի եղել ագրեսոր: Հայաստանը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ այս ամբողջ պատմությունը, որի անունն է արցախյան պատերազմ, եղել է պատերազմ, որը չեն սկսել հայերը, որովհետեւ հայերը ապրում էին այդ հողերի վրա, որոնք հազարամյակներով հայկական էին, եւ ադրբեջանցիները սկսեցին հայերին ջարդել, եւ մարդիկ ինքնապաշտպանվելով սկսեցին պատերազմ, որը բերեց Արցախի Հանրապետության ստեղծմանը եւ 7 շրջանների ազատագրմանը որպես անվտանգության գոտի: Ընկալումները փոխվեցին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր PR-ը անելով քարոզել, որ Հայաստանը, այո, հաղթեց: Ընկալումների փոփոխություն տեղի ունեցավ, որը Նիկոլ Փաշինյանը միտումնավոր չնկատեց: Նիկոլ Փաշինյանը 2,5 տարվա մեջ զրոյացրեց այն ողջ բանակցային փաթեթը, որը սկսվել էր 1991-ից, երբ հիմք դրվեց արցախյան միջազգային ճանաչման գործընթացին, եւ ազգերի ինքնորոշման իրավունքին, Մարդիդյան սկզբունքներից մեզ համար ամենակարեւորին: 2007-ին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, դրանք ձեւակերպվեցին, իսկ 2008-ից սկսած ստացան միս ու արյուն: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է բանակցությունները իր սեփական կետից, նա ուղղակի զրոյացրել է, և նաև ասելով, որ այն ինչ եղել է մինչև այս, ես համարում եմ առ ոչինչ, զրոյացնելով բոլոր մեխանիզմները՝ պատերազմը չսկսելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու, 30 տարվա դիվանագիտական փիլիսոփայությունը և դիվանագիտական կապերը։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը երբևիցե չի եղել ոչ համահունչ եռանախահագների հետ։ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները համահունչ չէին, հակառակը, դեմ էին եռանախագահների ընդգծված դիրքորոշմանը։ Հետո կյանքը ցույց տվեք, որ ինքը գաղտնի ստորագրեց, պարզվեց, որ լավ էլ մանդատ ուներ։ Ո՞ւմ էր այդ նախապայմանը դնում, հանրությունը ծափահարում էր, իսկ եռանախագահներն ուղղակի արհամարհեցին։ Այնուհետև մոռանալով այդ հայտարարության մասին՝ սկսում է բանակցել։ Սկսում է բանակցել, հայտարարելով, որ չի բանակցում։ Հիշում եք, որ Զոհրաբ Մնացականյանը ժամերով փակվում էր Մամեդյարովի հետ և բանակցում էին 7-6 ժամ, այնուհետև ասում էին՝ մենք ոչնչի մասին չենք բանակցել, մինչև ՌԴ ԱԳ նախարարը 2020 թվականի հունվարին ասաց՝ այո, կան բանակցություններ, ընթանում են բանակցություններ փուլային տարբերակի մասին։ Հետևաբար մենք 2,5 տարի չենք իմացել՝ ինչ է բանակցում, սկզբում նա հայտարարում է՝ չի բանակցելու, և պիտի բանակցի Արցախի Հանրապետությունը, հետո անում է մի բան, որը իրականում վիժեցնում է ամեն ինչ. վիժվածքը վիժեցրեց Արցախը։ «Արցախը Հայաստան է և վերջ»,-հայտարարեց նա։ Դա նշանակում է՝ ավարտ դիվանագիտական գործընթացի։ Նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը նույնն են, որից հետո նա շարունակում է բանակցել կամ ձև անել՝ բանակցում է, որովհետև այդ պահից բոլորի համար արդեն հայտնի էր՝ պատերազմի հետհաշվարկը սկսված է։ Բոլորին թվում է՝ Նիկոլ Փաշինյանը գեղեցիկ ձևակերպումներ է անում ուղղակի PR-ի համար։ Ես այսօր վստահորեն կարող եմ ասել, փաստերի վրա հիմվելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի գեղեցիկ ձևակերպում չի արել ուղղակի։ Նույնիսկ նրա հայտնի այս հիմարությունը. «Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է լինի ընդունելի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»։ Ես վստահ եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը չունի այնքան ուղեղ այդպես մտածելու։ Ես չգիտեմ՝ ով է դա մտածել, բայց որ դա եղել է հստակ մտածված պլան, վստահորեն եմ ասում։ Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը միանգամից հանեց այն զենքը, որի դեմ Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը հաջող ձևով կռվում էր տասնամյակներ, դա Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված՝ ադրբեջանական համայնքի զենքն էր։ Դրանից հետո սուբյեկտ դարձավ այդ համայնքն ու իրենց ղեկավարը, որոնց հետ սկսեցին հանդիպել եռանախագահները, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել ուղղակի։ Նա Դուշամբեի վերելակում ծախեց Հայաստանը, Արցախը։ Երբ նա խնդրեց, մուրաց ժամանակ, որպեսզի նախապատրաստի Հայաստանի Հանրապետությանը պարտության։ Այդ ժամանակ, երբ նա պայմանավորվեց չկրակել, նա չէր կրակում սահմանին և մենք ունեցանք հստակ փաստերով, որ Ադրբեջանն ուժեղացրեց, պնդացրեց և նախապատրաստեց հարձակումը։ Նա զիջեց Նախիջևանի սահմանամերձ շրջանները՝ հնարավորություն տալով Ադրբեջանին՝ կրակի տակ պահել ռազմավարական ճանապարհները։ Նա պայմանավորվեց չկրակել դիվանագիտության մեջ, և Հայաստանի Հանրապետությունը ժամանակի ընթացքում զիջեց ամբողջ փաթեթը։ Նիկոլ Փաշինյանը մեզ վերելակում ծախել է, ծախել է 5 հազա տղաների կյանքերը, որոնք մահացել են հանուն Արցախի ու Հայաստանի, ծախել է Սումգայիթի, Բաքվի ջարդերի հիշատակը, նա ծախել է մեր արժանապատվությունն ու հաղթանակը։ Նա դա արել է հստակ, հետևողական ծրագրով։ Նիկոլ Փաշինյանը երբ գրավեց Սահմանադրական դատարանը, պակասում էր մի կտոր, որ նա օֆիցիալ հնարավորություն տա Ադրբեջանին՝ հարձակվելու։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է Զոհրաբ Մնացականյանին, որ ՀՀ ԱԳՆ-ն տարածի հայտարարություն, որում ասված է, որ մենք չենք բանակցում իշխանությունը ժառանգածի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը լեգիտիմ է, իսկ Ադրբեջանի նախագահի իշխանությունը ժառանգած է իր հորից, հետևաբար մենք չենք կարող բանակցել մի իշխանության հետ, որին չի ընտրել Ադրբեջանի ժողովուրդը։ Պատերազմին մնացել էր հաշված ժամեր, Նիկոլ Փաշինյանը հստակ ասաց՝ ես պատրաստ եմ, Հայաստանը ծնկի է, եկեք։ Եզրափակելով այսօրվա մեր հանդիպումը՝ ուզում եմ ձեզ պատմել մի տեսանյութի կամ ձայնագրության մասին, որը վերջերս հայտնվեց համացանցում։ Երբ Ալիևի մտերիմ ընկերը՝ Լուկաշենկոն, առաջարկում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար, որպեսզի զիջի 7 շրջանները։ Սերժ Սարգսյանը մերժել էր և մերժեց այդ առաջարկը, այնուհետև աշխարհը մերժեց առաջարկը մերժողին, այնուհետև հայերը մերժեցին առաջարկը մերժողին, այնուհետև հայտնվեց Ղարաբաղ մերժողը, հայերը ընտրեցին Ղարաբաղը մերժողին, և այդ մերժողը սկսեց պատրաստել Հայաստանը պարտության, պատրաստել ներքաղաքական դաշտը, պատրաստել ռազմական և դիվանագիտական տեսանկյունից։ Արդյունքում մենք չունենք Ղարաբաղ, չունենք 5 հազար կյանք, չունենք մեր հայրենիքի մի մասը, չունենք եկեղեցիները, վանքերը, նույնիսկ մեր գերեզմանները չունենք։ Չունենք արժանապատվություն, չունենք հաղթանակ, ունենք ամոթի խորը զգացում, ունենք դավաճան, որը դեռ մեր երկրի ղեկին է և շարունակում է իր դավաճանությունների շարքը, ունենք տասնյակ հազարավոր վիրավորներ, ունենք սուգ, վիշտ և ունենք զրոյացած մի ամբողջ կյանք, որը դրել է մի ամբողջ երկիր 88 թվականից սկսած»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր