211652_close_icon
views-count13945 դիտում article-date 23:19 25-11-2020

​ Ժամանակավոր հրաժեշտ​ Քարվաճառին​. Սերգո Երիցյան​. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վաղ առավոտից մտովի Քարվաճառում եմ՝ այդ հրաշալի պատմական ու հայկական բնաշխարհի հետ։ Այնտեղի ամեն մի թուփն ու քարը վաղուց հարազատ են դարձել շատերիս համար և օրեր առաջ չէի կարող այնտեղ չլինել: Այդ բնաշխարհը արտասովոր ձգողականություն ունի:​ Քարվաճառում ցանկանում ես անընդհատ կանգ առնել ու հիանալ բնության անձեռակերտ ու ձեռակերտ հուշարձաններով, որի գլուխգործոցը Դադիվանքն է, իր նմանը չունեցող եկեղեցական համալիր ու մեր ամուր քրիստոնեական արմատների մասին ցայտուն վկայություն։​ Քարվաճառի ազատագրումից հետո ճամփաները ամեն մի հնարավորության դեպքում ինձ այնտեղ են տարել, երբ Դադիվանքի եկեղեցական համալիրը սկսում էր ոտքի կանգնել, իր իրական տեսքը ստանալ, իսկապես ուղղել իր ավելի քան 70 տարի ջարդված մեջքը։ Անցած դարի 90-ական թվականների կեսերից այս լեռնաշխարհ եկած հայ փախստականները փորձում էին սփոփել դաշտային Արցախից իրենց հայրենազրկության իրողությունը՝ այստեղ նոր կյանք սկսելով ու նոր շեներ հիմնելով՝ Նոր Գետաշեն, Նոր Մանաշիդ, Նոր Բռաջուր, Նոր էրքեջ, Նոր Վերինշեն..... Առիթներ եմ ունեցել տեսնել ու լուսաբանել, թե հայ մարդը ինչպես է վերածնվում ու նոր բնակավայր հիմնադրում՝ երբեք ու երբեք չկորցնելով հիշողության ձայնը և ապագայի նկատմամբ հավատը։ Նոր բնակավայրերում հնի նման անկյուններ, բարձրություններ ու ձորակներ էին փնտրում, որ շատ բան հիշեցնի հայրենի եզերքն ու անցյալը։ Միշտ ներքուստ թաքցնելով իրենց ցավը՝ այդ մարդիկ հրաշքներ էին գործում, օջախ հիմնում ու իրենց կենսակերպը ստեղծում, որ իրենց տաշտում միշտ​ մի կտոր հաց լինի։​ Օրեր առաջ, լինելով Քարվաճառի հովտում, հիշողության ձայնով որդուս հետ ձգտում էինք հիշել անցած-գնացած հանդիպումները այդ գյուղերում, այն տարբերությամբ, որ տանտերերը այլևս իրենց օջախներում չէին, չնայած բաց էին նրանց տան դռները։ Առանձին տներում պահապաններ են մնացել միայն շներն ու կատուները։ Այդ մարդկանց այս դաժան օրերը կրկին ստիպեցին բռնել հայրենազրկության ճանապարհը։​ Հիշողությունները խեղդում են մեզ. կարծես ուր որ է Նոր Գետաշենի դպրոցից դուրս կգան Դադիվանքում մեկ օր առաջ մկրտված երեխաները ու ջերմությամբ կբարևեն իրենց կնքահայրերին՝ տողերիս հեղինակին ու այն տարիներին Հայաստանի փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանին՝ պարգևելով իրենց երգն ու արտասանությունը։ Ու այսպիսի սկիզբը իր շարունակությունը պիտի ունենար ու տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ ու նաև Մեսրոպ արքեպիսկոպոս Աշչյանի հանդիսապետությամբ մի քանի տարում պիտի մկրտվեին ավելի քան 700 քարվաճառցի երեխաներ, երիտասարդներ, նաև տարիքն առած մարդիկ։ Այս ծիրում իրենց իսկ ցանկությամբ զավակներս ևս մկրտվեցին Դադիվանքում, ամեն տարի սեպտեմբերի 30-ին իրենց ուխտագնացությունը կատարելով՝ չմոռանալով այստեղ ապրող երեխաներին ու սահմանները պահող զինվորներին կրթամշակութային որոշակի աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Առանձին դեպքերում ես էլ էի ընկերակցում նրանց՝ սիրով հանդիպելով հասակ առնող իմ սանիկներին, լավ բարեկամներին՝ նվիրյալ մարդկանց, որոնք կարողացան Քարվաճառը իր ձորերով, սարերով, լեռներով ու գետերով դարձնել բնության և մարդու ներդաշնակության յուրօրինակ վայր: Կարելի էր այստեղ գալ, կտրվել մեծ աշխարհից, բայց մաս կազմել այս ինքնատիպ միջավայրին։ Որդուս հետ Քարվաճառ աշխարհի մեր հիշողության ճամփաներով ու արահետներով գնալով՝ մենք ավելի ու ավելի լռակյաց էինք դառնում, ժամանակ առ ժամանակ աչքերին արցունքի կաթիլներ էին հայտնվում ու ամեն մեկս ձգտում էր այն թաքցնել, քանի որ համոզված էր, որ հայրենի եզերքի պարտադրված բաժանումը ժամակավոր է:​ ​ Օրը դեպի աղջամուղջ էր թեքվում, բայց ավելի ու ավելի էր ընդգծվում այս լեռնաշխարհի խրոխտությունը ու հզորությունը։ Չես ուզում մտածել, որ անգամ ժամանակավորապես այն կարող ես կորցնել։ Այսպես հույսի ու հավատի ծվեններով Երևան էինք վերադառնում, մանավանդ Դադիվանքում պահապան ռուս ամուր ու պինդ կանգնած խաղաղապահներին տեսնելուց ու պատարագին ներկա լինելուց հետո: Ոչ-ոք ժամեր առաջ չէր մտածում, որ կարող էր այն կայանալ, այն էլ բազում ուխտավորներով։ Հուզված էին բոլորը՝ արցունքներն աչքերին։ Այդպիսին էր նաև պատարագիչ-վանահայրը, ով ասաց. «Վստահ եմ, որ քրիստոնեական աշխարհը, հայ ժողովուրդը իր աղոթքն է բերում Դադիվանքի, Արցախ աշխարհի փրկության համար։ Ով կպատկերացներ, որ այս արգելված օրը՝ նոյեմբերի 15-ին, այսքան հավատացյալ կգա այստեղ՝ չմտածելով և ոչ մի դժվարության ու վտանգի մասին։ Խոնարհվում եմ մեր նվիրյալ ժողովրդի առջև, որոնք դարեդար կարողանում են պահպանել մեր հոգևոր արժեքները և փոխանցել սերունդներին....»։​ Նոյեմբերի 25-ի ողջ օրը անհանգիստ եմ անցկացնում։ Լրահոսը հուշում է, որ հայ զինվորականները վերջինն են թողել Քարվաճառը։ Հավանաբար, արդեն եկել են ուրիշները։​ Ավելի քան վստահ եմ, որ Դադիվանքում են հայ հոգևորականները, որոնք միակ իրական վկաներն են մեր հերթական կորուսյալ աշխարհի։ Հինգ-վեց օր էլ մնաց Քաշաթաղին՝ ևս մեկ կորստի համար։ Ի՞նչ կմնա Արցախ աշխարհից։ Դժվար է ասել։ Իրողություն, որ ոչ-ոք երբևէ չէր պատկերացնի, որովհետև մենք դաստիարակվել ենք Քաշաթաղը ազատագրող Մոնթե Մելքոնյանի ու արցախյան հերոսամարտի հերոսների ու նահատակների ոգով և նպատակներով, որոնք հայությանը հզոր Արցախ աշխարհ պարգևեցին: Ավաղ պահել այն չկարողացանք:​ ​ Սերգո Երիցյան​ Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր ​Հ.Գ. Երբ ցանկանում էի իմ ասելիքի վերջակետը դնել, Ֆրանսիայի սենատում Արցախի ինքնորոշումը ճանաչելու մասին քվեարկություն էր ընթանում, որի արդյունքում ձայների գերակշռությամբ ընդունվեց մի բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանը առաջարկվում է ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նորից հույս ճառագեց, որ աշխարհի մարդասեր հանրությունը կշարունակի մնալ Արցախի ժողովրդի կողքին, նրա ինքնորոշման ճանապարհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր