ՌԴ դեսպանատունը խոստացել է անհետ կորածների հարազատների խնդրանքն այսօր փոխանցել Մոսկվա
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը խոստացել է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1035775.html]«Արմենպրես»[/url]-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Եղիշե Զակունցը:
«Հանդիպեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինի հետ: Փոխանցեցինք բոլորի խնդրանքը, որ մենք ունենք զոհված զինվորներ և առաջին խնդրանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը զբաղվի այդ հարցով: Եվ նա կարդաց նամակը և ասաց, որ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու, փոխանցվելու է դեսպանին և այսօր մի քանի ժամվա ընթացքում լինելու է Մոսկվայում: Ասացին, որ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն և օգնեն մեզ»,- ասաց Զակունցը:
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ցույց էին իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
Ցույցի մասնակիցները կազմում էին անհետ կորած զինծառայողների անուններից բաղկացած ցուցակ՝ ՌԴ դեսպանատուն փոխանցելու համար:
Նրանք նամակով խնդրել էին աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում զինծառայողների որոնողական աշխատանքներն անհապաղ սկսելու հարցում: