Նախարարներ կային, որոնք չէին աշխատում, վաղուց պետք է ազատվեին․ Գագիկ Մակարյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը պասիվ է և պահպանողական»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Լոկոմոտիվային զարգացումներ չի պլանավորել, որովհետև բյուջեն հիմնականում փորձելու է իր ներքին ռեսուրսներն ուղղել սոցիալական ծրագրերի համար՝ պայմանավորված Հայաստանում առկա սոցիալական խնդիրներով, կորոնավիրուսի և նախկինից եկող գործազրկության, աղքատության, կենսաթոշակների և սոցիալական աջակցության ծրագրերի՝ գումարած պատերազմի հետևանքով առաջացած զոհվածների, նրանց ընտանիքների, ինչպես նաև վիրավորների բուժման և նաև Արցախից այստեղ գտնվող քաղաքացիների համար:
Այսինքն՝ սոցիալական կոմպոնենտը պետք է ուժեղացվի կամ պետք է խնայողաբար օգտագործվի, բայց զարգացման նպատակները դրված չեն: Այսինքն՝ մենք ևս կարող է հաջորդ տարի էլ դանդաղ իներցիայով էկոնոմիկա ունենանք, որը աղքատության, գործազրկության, արտաքին պարտքի նվազեցման նախադրյալներ չի ստեղծելու»,- ներկայացրեց Մակարյանը:
Մասնագետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող պաշտոնանկությունները կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա. «Նախարարներ կային, որոնք չէին աշխատում, վաղուց պետք է ազատվեին աշխատանքից, բայց վարչապետը պահեց այդ անձերին, միայն հիմա որոշեց փոխել: Այ նրանք շատ վնասներ տվեցին իրենց չաշխատելով:
Այդպիսի աշխատանքի պատճառով մենք համարյա 2 տարի հետ ենք ընկել որոշ ոլորտներում: Օրինակ՝ առանձնապես առաջ չենք գնացել բնապահպանության հարցերում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, կրթության և այլ մի քանի ոլորտներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]