Ողբերգական ավտովթար Երևանում. Range Rover-ը բախվել է Mercedes-ին ու դիմել փախուստի. Mercedes-ի ուղևորներից մեկը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Բեկ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած անհայտ մակնիշի,  համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Զավեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Սոֆյա Ս.-ն տեղում մահացել է, իսկ 5-ամյա Ն. Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Սուրիկ Բարսեղյանն ու Նարեկ Մայիլյանը: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ: 
 Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և  244 հոդվածի  1-ին մասի  հատկանիշներով:
 Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանն ու ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: 
 Դեպքի վայրում հայտնաբերվել է փախուստի դիմած ավտոմեքենայի կոտրված մեծ թվով դետալներ և Վ. Էվինյանն ու Գ. Ամիրխանյանը ինչ-որ հետքեր պարզելու  համար  գնացել էին այդ ուղղությամբ:
 Դեպքի վայրում հայտնաբերված  դետալները Range Rover-ի են:
 Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը Mercedes-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորը երեխան ու հարվածից հետո Mercedes-ի վարորդը խնդրել է,  որպեսզի այդ վարորդը օգնի երեխաներին տեղափոխել Երևան, սակայն ճիվաղը դիմել է փախուստի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


