211652_close_icon
views-count1352 դիտում article-date 10:47 18-11-2020

Սահմանադրական փակուղի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նրանք, ովքեր կարծում են, որ Արցախում կրած աղետալի պարտությունից հետո իշխանությունը պետք է փոխվի, քիչ շանսեր ունեն իրենց նպատակները սահմանադրական ճանապարհով իրագործված տեսնելու: Վարչապետը, ինչպես երևում է, մտատանջություններ չունի, որ մենք կորցրել ենք Արցախի կեսը, որ մյուս կեսի և Հայաստանի գլխին վտանգ է կախված, որ մենք ունենք հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր գաղթականներ: 1915 թվականից հետո այս՝ ամենախոշոր ազգային ողբերգության համար նա իրեն, որքան հասկանում եմ, ամբողջական պատասխանատու չի համարում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնց միջոցով կարող է տեղի ունենալ իշխանափոխությունը, նույնպես վստահ են, որ խոշոր պատմական պարտության մեջ մեղավոր են «նախկինները», «դավաճանները», վատ գեներալները, վատ զինվորները, Ծառուկյանը, դաշնակցությունը՝ ով ասես, բայց ոչ իրենց առաջնորդը և անձամբ իրենք: (Ենթադրում եմ, որ մեր քաղաքացիների մի հսկա զանգված այս պահին կիսում է այդ կարծիքը): Մի խոսքով, վարչապետը չի ուզում հրաժարական տալ, խորհրդարանական մեծամասնությունը չի ուզում նրան պաշտոնանկ անել: Չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ազդել նրանց խղճի կամ բանականության վրա: Իշխանափոխության խաղաղ սահմանադրական ճանապարհները դրանով սպառվում են: Կա տարբերակ, որը կիրառվել է 2018 թվականի ապրիլին, երբ փողոցը պարտադրեց իր իշխանությունը: Շեշտեմ՝ փողոցը, ոչ թե հեղինակություն չունեցող կուսակցությունները: Բայց այսօրվա իրավիճակում այդ ճանապարհն ինձ չափազանց վտանգավոր է թվում, քանի որ վստահ եմ՝ այս անգամ ամեն ինչ թավշյա չի լինելու, և իրավիճակի սրման դեպքում պետական և քաղաքական համակարգը չի կարողանա զսպել բռնությունները: Փաշինյանը Տեր-Պետրոսյան չի, որ քաղաքացիական բախումների տեսական սպառնալիքի դեպքում անգամ հրաժարական տա՝ նա կշարունակի մեղադրել, խարազանել, սպառնալ՝ «կջարդեմ, կփշրեմ» և այլն: Ինչպես որ պարտված պատերազմի ընթացքում խոստանում էր կոտրել հակառակորդի ողնաշարը: Հանրապետության նախագահը, բնականաբար, պարտավոր էր առաջարկել սահմանադրական լուծումներ՝ դա պատասխանատու պետական գործչի կեցվածք էր: Բայց մեր պետական համակարգն այնպիսին է, որ ո՛չ նախագահը, ո՛չ նախարարները, ո՛չ պատգամավորները որևէ բան չեն որոշում: Որոշում է միայն մեկ մարդ, և այդ մարդը կարող է նախագահի առաջարկները բանի տեղ չդնել: Եթե այս իրավիճակից մենք, այնուամենայնիվ, կարողանանք դուրս գալ, անհրաժեշտ կլինի, հավանաբար, փոխել կառավարման համակարգը՝ վերադառնալ կիսանախագահական համակարգին (որի տարբերակները, ինչպես հայտնի է, շատ են), ինչպես նաև 100 տոկոսանոց մեծամասնական համակարգին՝ եթե Հայաստանը բաժանվի փոքր ընտրատարածքների, ապա այնտեղ կարող են ընտրվել իրական քաղաքական գործիչներ: Բոլոր դեպքերում, այն վիճակը, երբ կուսակցապետն է նշանակում պատգամավորների, որոնք ամեն ինչով պարտական են իրեն և ոչ թե ընտրողներին, այդ վիճակը շարունակվել չի կարող: Ներկայիս ավտորիտար համակարգից պետք է անցնել ոչ թե ռազմական դիկտատուրային, ինչպես ոմանք են առաջարկում, այլ ժողովրդավարությունը: Գիտեմ, որ դա իրականում շատ քչերին է հուզում, բայց, ինձ թվում է, մենք այլ ճանապարհ չունենք»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր