211652_close_icon
views-count6578 դիտում article-date 16:44 13-11-2020

Արցախում արագացված տեմպով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ամենօրյա կապի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Հայաստանում ժամանակավոր գտնվող արցախցիների կեցության հարցը կարգավորելու համար: [url=https://armenpress.am/arm/news/1034776.html]«Արմենպրես»[/url]-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը նշեց, որ բոլոր բարձրացված հարցերը, ահազանգերը տեղ են հասցվում: «Ես խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ չառաջնորդվել այն սկզբունքով, որ պարտադիր կարգով պետք է տեղավորվեն Երևանում: Նախարարությունը որդեգրել է քաղաքականություն, ըստ որի, Երևանում բնակվելու հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, վիրավոր զինվորներ: Նպատակն այն է, որ նրանք կարողանան ստանալ համապատասխան բժշկական օգնություն»,-ասաց Միքայել Վիրաբյանը: Նա վստահեցրեց, որ այս պահին անօթևան, փողոցում հայտնված քաղաքացի չկա: Բոլորն ապահովվում են կացարանով, դրանք հյուրանոցներ են, հյուրատներ, անհատների բնակարաններ և այլն: Միքայել Վիրաբյանը նշեց, որ արցախցիներին հյուրընկալած ու աջակցած անձանց ֆինանսական հարցերը մեղմելու համար նախագծեր են պատրաստվում: Հյուրանոցների, հյուրատների հետ կապված կոմունալների վճարումները պետությունը կվերցնի իր վրա: Ի՞նչ ռազմավարություն է մշակվում այն արցախցիների հետ կապված, ովքեր չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ դրանք հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո չեն: Հարցին ի պատասխան, Միքայել Վիրաբյանը հիշեցրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը: «Շուտով բոլորս կհամոզվենք, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է բնակվելու համար հաճելի վայր: Այսինքն՝ բոլոր աշխատանքներն այդ ուղղությամբ արվելու են: Ասեմ, որ առաջնահերթության կարգով բնակարանային խնդիրները լուծվելու են Արցախի տարածքում»,-ասաց նա: Միևնույն ժամանակ Միքայել Վիրաբյանը տեղեկացրեց, որ Արցախում բավական ակտիվ աշխատանքներ են իրականացվում պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջնահերթ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլեկտրաէներգիա և այլն: Նա համոզմունք հայտնեց, որ 15-20 օրվա ընթացքում մայրաքաղաքում և հարակից շրջաններում այդ հարցերը կարգավորված կլինեն:

Նմանատիպ նյութեր