211652_close_icon
views-count3740 դիտում article-date 09:06 11-11-2020

Ղարաբաղյան հրադադարի համաձայնություն. արձագանքներ և գնահատականներ․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները ի գիտություն է ընդունում Ռուսաստանի միջնորդությամբ գործողություններն՝ ուղղված կրակի դադարեցմանը ԼՂ հակամարտության գոտում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ պատասխանելով Ամերիկայի ձայնի հարցին ԼՂ շուրջ վերջին զարգացումների մասին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5656321.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Վաշինգտոնը ցանկանում է ավելի շատ մանրամասներ իմանալ վերջին պայմանավորվածության մասին դրանց իրագործման ընթացքում, հավելել է խոսնակը: Խստորեն դատապարտելով բռնությունն ու մարդկային կյանքերի կորուստը՝ Վաշինգտոնն ընդգծում է. «Չնայած մենք ուրախ ենք տեսնել կրակի դադարեցում, մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է ուղղել իրենց»,- նշված է պետքարտուղարի խոսնակի գրավոր պատասխանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկիր Ֆրանսիան ևս արձագանքեց Բաքվի, Երևանի ու Մոսկվայի միջև կրակի դադարեցման համաձայնագրին: Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ նշված է, որ Փարիզը ուսումնասիրում է հրադադարի ռեժիմի հաստատման փաստաթուղթն՝ ընդգծելով, որ ցանկացած տևական համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը: Հայտարարության մեջ Փարիզը նաև ընդգծել է, որ Անկարան պետք է դադարեցնի իր սադրիչ գործունեությունը տարածաշրջանում և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգի տակ դնել ապագա համաձայնությունը: ԼՂ հակամարտության գոտում նոր իրավիճակի ձևավորմանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ը: ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆեն Դուջարիչը լրագրողների հետ ճապազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից ողջունել է համաձայնության ձեռք բերումը կրակի դադարեցման շուրջ և երախտագիտություն հայտնել Մոսկվային այս կապակցությամբ: Նա վստահեցրել է՝ ՄԱԿ-ը պատրաստ է անել ամեն ինչ համաձայնության իրագործման համար: Վերլուծաբան Մայքլ Քոֆմանի կարծիքով այս համաձայնագրից շահում են Թուրքիան, Ադրբեջանն ու նաև Ռուսաստանը: Հայաստանի համար այն ռազմական ամբողջական պարտություն է: Չնայած դրան՝ սա հրադադարի ռեժիմի հաստատման ռազմական համաձայնություն է, այլ ոչ թե քաղաքական պայմանագիր, որը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նա մի կողմից չի բացառել, որ բանակցություններին կրկին կներգրավվի Մինսկի խումբը, սակայն մյուս կողմից ստեղծված նոր իրավիճակն ու ռուսական զորքերի խաղաղապահ առաքելությունը Մոսկվային տալիս է գերակա առավելություն այս հարցում: «Քանի որ այստեղ են ուղարկվել ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք այնտեղ կմնան հինգ և կարծում եմ ավել տարի, ամենայն հավանականությամբ հետագա բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավիճակի հարցում կընթանան Մոսկվայում»,- ասում է Քոֆմանը: Իր հերթին վերլուծաբան Ռիչարդ Վայցի կարծիքով՝ եթե հակամարտության առաջին օրերին թվում էր, որ Մոսկվայի ազդեցությունը կողմերի վրա բավարար չէ, ապա վերջին օրերին, գտնում է վերլուծաբանը, ակնհայտ դարձավ, որ ազդեցությունը զգալիորեն մեծ է, քան թվում էր: Վայցը, սակայն, կարծում է, որ այդ ազդեցությունը գնալով կնվազի: «Թուրքիայի ակնհայտ գործոնն ու շփման գոտում ռուսական խաղաղապահների առկայությոնը, հավանաբար, հետագայում լարվածություն կառաջացնի Մոսկվայի ու Բաքվի միջև»,- կարծում է Վայցը: Թուրքիայի համար հակամարտության արդյունքների մասին վերլուծաբանների տեսակետները մի փոքր տարբերվում են: Մայքլ Քոֆմանը գտնում է, որ Թուրքիան ունեցավ որոշակի դիվանագիտական հաջողություններ՝ կարողանալով ներթափանցել տարածաշրջան, սակայն հաշվի առնելով, որ համաձայնագիրը եռակողմ է, իսկ ԼՂ-ում են տեղակայվել ռուսական ուժեր՝ Անկարային այդպես էլ չհաջողվեց Ռուսաստանին պարտադրել «երկու գումարած երկու» նոր ձևաչափը: Ռիչարչ Վայցն էլ ընդգծում է, որ ԼՂ հարցում դերակատարներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ու Թուրքիան: Այսօր, ըստ նրա, այս հարցում ամենաակտիվ դերակատարներն են Մոսկվան և Անկարան:

Նմանատիպ նյութեր