211652_close_icon
views-count677 դիտում article-date 21:42 04-11-2020

Միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել Ֆորդևինդը: Ներկա էին պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև խորհրդարանի աշխատակազմի անդամներ: Նիստը բացեց հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը, ով ներկայացրեց ագրեսիայի հետևանքները և շեշտադրեց Թուրքիային ու Ադրբեջանին անմիջապես կանգնեցնելու և պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: Այնուհետև հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Բեգլարյանը, որը ուշադրություն հրավիրեց խորացող հումանիտար աղետի, մարդկության դեմ ու պատերազմական հանցագործությունների վրա: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի գործնական միջոցներով սանձելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, որը հանգեցրել է լրջագույն մարդասիրական աղետի Արցախում: Ավելին, միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում, ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից: Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը: Նիստի մասնակիցները համակարծիք էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և պատերազմական հանցագործությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի...

Опубликовано Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Среда, 4 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր