211652_close_icon
views-count15932 դիտում article-date 15:22 23-10-2020

Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության

Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության: Այս մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել: «Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուրըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը: Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար: Նման իրավիճակն անհանդուրժելի է: Ոստիկանությունն այսօրվանից այս ուղղությամբ անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով: Քաղաքացիներին կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր