Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից Հովհաննես Խոդերյանը
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ռազմաճակատում զոհվել է Հովհաննես Խոդերյանը, որին հասարակության լայն շրջանակը ճանաչել է Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմից:
Կինոնկարում Հովհաննեսը մարմնավորում է Թևանիկին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը գրել է. «Մեր բոլորի Թևանիկը…Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ: Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները… Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը: Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ: Ժպիտդ, խոսքերդ. դու՝ հավերժ մեր սրտերում»:
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» կինոնկարը ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և մի շարք այլ երկրներում: Ֆիլմն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների: