211652_close_icon
views-count2814 դիտում article-date 11:32 06-10-2020

Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ ականապայթյունային վիրավորումներ են. նախարար

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ առկա են ականապայթյունային վիրավորումներ: «[url=https://armenpress.am/arm/news/1030516.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վիրավորումների ճնշող մեծամասնությունը, գրեթե 100 տոկոսը ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետև փաստացի, սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան և հենց այդ բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ դժբախտաբար նաև մահը»,- նշեց Թորոսյանը: Վիրավոր զինծառայողների թիվը նշելու վերաբերյալ հարցին նախարար Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Պաշտպանության նախարարությունը հայտնում է բոլոր տեղեկությունները: Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, համապատասխան պարագաներով և բժշկական սարքավորումներով: Արյան պաշարներ նույնպես կան: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր նյութերի մատակարարումներն արվում են անխափան, ինչպես նաև բժշկական անձնակազմի տեղափոխումը: «Կան բժիշկներ, ովքեր հենց իրենք են խնդրում մեզ, որպեսզի գնան և օգնեն Արցախի իրենց գործընկերներին: Երբեմն մենք մերժում ենք, որպեսզի այդ ամենը կանոնակարգված արվի: Կատարվում է նաև օպերատիվ կառավարում, երբ հասկանում ենք, որ այդ պահին անհրաժեշտ է լինում ուժերի կենտրոնացում և մեկ ուրիշ տեղ ավելի հանգիստ է, արագ տեղափոխումները կատարվում են և՛ Արցախի տարածքում, և՛ Հայաստանից Արցախ»,- ասաց Արսեն Թորոսյանը: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Նմանատիպ նյութեր