211652_close_icon
views-count5230 դիտում article-date 15:14 05-10-2020

Կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից. Արմեն Սարգսյան

Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից: Այս մասին, չինական Caixin Media գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները: Ցանկանում եմ նախ եւ առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց եւ սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջեւ, ինչպես նաեւ կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է: Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից եւ ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջեւանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ եւ գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից: Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, եւ որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել եւ իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների: Ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչեւ F-16 կործանիչներ, ինչը եւս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում եւ Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլեւ օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից: Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արեւելյան կողմում, այլեւ ձեր եւ Թուրքիայի սահմանին: Ես չունեմ վերջնական տվյալներ, թե որտեղից են նրանք մտել հայկական սահմաններից այս կողմ, սակայն դա էական չէ, դրանք թուրքական դրոններ են, ղեկավարվում են թուրք օպերատորների կողմից եւ հատում են սահմանը: Այսինքն, կան թուրքական ներգրավվածության բոլոր ապացույցները: Նրանք պատճառաբանում են իրենց գործողությունները՝ ասելով, թե իբր իրենք ադրբեջանցիների էթնիկ եղբայրներն են: Ներեցեք, սակայն թյուրքական ժողովուրդներն այնքան շատ են, թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի բոլոր շրջաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ Չինաստանի հյուսիսում: Եթե նրանք փնտրում են էթնիկ եղբայրների, դա նշանակում է, որ նրանք կարող են միջամտե՞լ այս բոլոր պետությունների գործերին՝ աջակցելու «էթնիկ եղբայրներին»: Սա միանշանակ անընդունելի է: Երկրորդը, նրանք պնդում են, թե իբր Հայաստանում կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: PKK զինյալներ չկան: Հայաստանում մենք ունենք քրդական եւ եզդի ազգաբնակչություն: Նրանք բոլորը Հայաստանի լավ քաղաքացիներ են: Նրանցից ոմանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում եւ այնտեղ եւս լավ քաղաքացիներ են: Եվ երբ վտանգ է լինում, նրանք պաշտպանում են իրենց երկիրը: Նրանք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են: Երրորդը, որը հետաքրքիր է՝ Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում: Եթե առաջին ռումբերը նետվեին խողովակաշարի առաջին 100 մետրի կառուցման ժամանակ, առհասարակ խողովակաշար չէր լինի: Ճիշտ չե՞մ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները կվախենային խողովակաշար ունենալ մի հատվածում, որտեղ Լեռնային Ղարաբաղից կարող էր սպառնալիք գալ: Սակայն հայերը նման բան չեն արել: Եվ այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունեցել նավթի վաճառքից, օգտագործել այդ գումարը զենք գնելու եւ հայերին սպանելու համար: Իսկ այժմ նրանք ասում են, թե հայերը կռմբակոծեն, ինչը անհեթեթություն է: Ես կտրականապես մերժում եմ սա: Քանի որ, ինչպես նշեցիք, թուրքական ներգրավվածությունը բավական բարդ է, եւ խնդիրները կարող են լուծվել միայն Մինսկի խմբի ձեւաչափով, դուք պատրաստվո՞ւմ եք դիմել ՀԱՊԿ երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին՝ միջամտելու ներկայիս իրադրությունում: Արդյո՞ք դա քննարկվող տարբերակ է, թե՞ դուք կնախընտրեք ձեր պաշտպանական ուժերը: Պատասխանը պարզ է: Երբ չկար թուրքական ներգրավվածություն, եւ հակամարտության կողմերն էին Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի պետությունն ու Հայաստանը՝ որպես նրանց անվտանգության երաշխավոր, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեին այս պարզ իրավիճակի հետ: Ներկայիս իրադրությունն այլ է: Բոլոր համանախագահները փորձում են հավասարակշռված, քաղաքական տեսանկյունից կոռեկտ դիրքորոշում ունենալ: Հիմա այդ հավասարակշռությունը չկա, քանի որ կա Թուրքիան: Կարծում եմ՝ կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից, երբ նրանք աջակցեն Ադրբեջանին միայն կրթության, գիտության, հումանիտար ոլորտներում: Սակայն քանի դեռ նրանք ներգրավված են այս ամենում, չկա հավասարակշռություն: Մինսկի խմբի համանախագահների համար շատ բարդ է լինելու գործ ունենալ հակամարտության մաս դարձած նոր սուբյեկտի հետ, որը Թուրքիան է: Անդրադառնալով ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին. իրավիճակը, որը ձեզ ներկայացրի, արդեն բարդ է Թուրքիայի ներկայության պատճառով: Ես մշտապես հարց եմ բարձրացնում՝ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը կներգրավվեն: Մենք դժգոհ ենք, որ ունենք մի արտաքին խաղացող, որը միջամտում է եւ ամեն բան ոչնչացնում: Մենք ցանկանում ենք խնդրել միջազգային հանրությանը՝ ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա հետ քաշվի: Միայն դրանից հետո մենք կարող ենք վերադառնալ Մինսկի խմբի բնականոն գործընթացին: Ցանկացած երրորդ կողմի որեւէ ներգրավվածություն ողջ պատկերը շատ ավելի կխճճի եւ կդարձնի դժվար կառավարելի: Մենք կունենանք իրավիճակ, ինչպիսին Սիրիայում է: Եվ այս Սիրիան Կովկասի սրտում կստեղծի տասն անգամ ավելի շատ խնդիրներ, որոնք կտարածվեն ողջ տարածաշրջանով:

Նմանատիպ նյութեր