211652_close_icon
views-count2388 դիտում article-date 16:51 01-10-2020

ԵՊՀ-ն դիմել է գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնք թիրախավորել են նաև քաղաքացիական բնակչությանը, կրում են Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։ ՀՀ ԱԳՆ-ի փաստմամբ, Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այս գործողությունների վերաբերյալ իրազեկելու և Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դատապարտելու, Թուրքիային ադրբեջանական ռազմական ագրեսիային և ահաբեկչական գործողություններին աջակցելուց ձեռնպահ մնալու և Ադրբեջանին ռազմական ագրեսիան անհապաղ դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջը վերադառնալու կոչ անելու համար նամակով դիմել է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, ԵՊՀ-ի բարեկամներին: Նամակում նա մասնավորապես նշել է. «Մեծարգո՛ գործընկերներ, Երևանի պետական համալսարանի հարգարժա՛ն բարեկամներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) շփման գծի ողջ երկայնքը ռազմաօդային ու հրետանային հուժկու հարձակման է ենթարկվում ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի և զավթողական պատերազմներին բնորոշ մահաբեր զինատեսակների օգտագործմամբ թիրախավորվում են նաև Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դրա հետևանքով զոհվում են զինծառայողներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն պետական սահմանին տեղակայված հայկական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային կորուստներ, վնասելով խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհներ, գազատարներ, երկաթուղին, կապի միջոցները և այլն: Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան ուղեկցվում է էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ աննախադեպ ծավալի ատելության խոսքով, բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Ադրբեջանի ռազմական ագրեսիայում ակտիվորեն և անթաքույց ներգրավված է Թուրքիայի Հանրապետությունը, ինչի վկայությունն է սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից ՀՀ օդային տարածքում մարտական խնդիրներ կատարող ՀՀ ռազմաօդային ուժերի ՍՈԻ-25 գրոհիչի խոցումը, ինչին զոհ գնաց օդաչուն: Ադրբեջանա-թուրքական տանդեմն Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայում ներգրավել է Սիրիայից, Լիբիայից ժամանած մեծաթիվ վարձկան-ահաբեկիչների, ինչի մասին վկայություններն այս օրերին ողողված են աշխարհի առաջատար լրատվամիջոցներում: Նշվածը խստիվ դատապարտել են նաև աշխարհի բազմաթիվ պետություններ, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019 թ. սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին: Ակնհայտ է, որ այս օրերին հայ ժողովուրդն Արցախում պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Հայտնելով վերոգրյալի մասին՝ Երևանի պետական համալսարանի անունից խնդրում եմ ձեզ դիմել ձեր երկրների ազգային կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ - դատապարտելու Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան, - կոչ անելու երրորդ երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային ձեռնպահ մնալ ադրբեջանական ռազմական ագրեսիային և ահաբեկչական գործողություններին աջակցելուց, - պահանջելու Ադրբեջանից անհապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան և վերադառնալ բանակցային սեղանի շուրջը՝ Մինսկի խմբի մանդատի ներքո խնդրի խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր