211652_close_icon
views-count12915 դիտում article-date 20:19 29-09-2020

Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն Խաչատրյանը, Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանն այսօր ուղերձ են հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Տղերքի՛ն, որոնք այս պահին կռվում են առաջնագծում և նրանց, որոնք շարունակում են զինվորագրվել, Կանանց, մայրերին ու քույրերին, որոնք հաղթող երգերով են ճանապարհում իրենց սիրելիներին, Տեղեկատվական ու դիվանագիտական պատերազմներ մղող մեր քաղաքացիական մարտիկներին, որոնք հեռախոսից ու համակարգչից մեկ րոպե չեն հեռացել, Սահմանային հերթապահության մեկնած ու անքուն գիշերներ անցկացրած տելեկոմի մեր գործընկերներին, Հասարակական կյանքի շարունակականության ցիկլը պահող մեր նվիրված ժողովրդին... Բոլորին այսօր միավորում է արդար պայքարի մեր պարտքը։ Ուստի բոլորիս պարտականությունն է այս վճռորոշ պահին կանգնելու մեր պետության ու մեր զինվորի կողքին, պաշտպանելու մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր հայրենիքի ամբողջականությունը։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց կան պահեր, երբ մենք պարտավոր ենք միասնական լինել։ Որպես հանձնառություն մեր ժողովրդի ու մեր բանակի առաջ, մեր ընկերություններն ու մեր ընտանիքը, մասնավորապես, շարունակում է աջակցությունը տարբեր ուղղություններով։ Այսօրվա մեր աջակցությունն ուղղված է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով և մեր դիտարկմամբ այս հիմնադրամը ավելի քան երբևէ մեր բոլորի աջակցության կարիքն ունի հիմա։ Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք Արցախի սահմանային գծի տեխնիկական հագեցվածությունը զարգացնել առավել հզոր ժամանակակից սարքերով։ Ուժ ու միասնություն ենք մաղթում մեր ժողովրդին։ Աստված պահապան մեր զինվորին»։ Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների կազմում հանդես են գալիս մի շարք կենսական նշանակության ընկերություններ, այդ թվում նաև «Յուքոմ» հեռահաղորդակցության օպերատորը, որը ներկայումս տեխնիկական աջակցություն է ցուցաբերում առաջնագծում։ «Գալաքսի» ընկերությունների խումբը բազմաթիվ սոցիալական զարգացման նախագծեր է իրականացնում իր հիմնադրամի միջոցով։ Խաչատրյանները զգալի մասնակցություն ունեն նաև պաշտպանական և անվտանգության համակարգերի ներդրման գործում, որը զինվորների կյանքեր է փրկում։

Նմանատիպ նյութեր