211652_close_icon
views-count1932 դիտում article-date 20:32 18-09-2020

Արցախի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և ԱՀ ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների միջև

Սեպտեմբերի 18-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան ոլորտային խորհրդակցություններ Հայաստանի և Արցախի ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների միջև։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ Արցախի ԱԳՆ պատվիրակությունը՝ Արցախի ԱԳՆ գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։ Հայաստանի և Արցախի ԱԳՆ պատվիրակությունների կազմում ներգրավված համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանգամանալից քննարկեցին գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցության ամրապնդմանը և խորացմանն առնչվող հարցեր: Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Նախարար Մայիլյանը մեծապես կարևորեց Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ուրվագծելու երկու գերատեսչությունների միջև հաստատված համագործակցության առավել ընդլայնման հեռանկարները: Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց արցախյան կողմին ջերմ ընդունելության համար և ընդգծեց երկու արտգործնախարարությունների միջև ստորագրված խորհրդակցությունների պլանի շրջանակներում պարբերական հանդիպումների և փոխայցերի անցկացման կարևորությունը։ Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահ Հարությունյանը բարձր գնահատեց Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում առկա սերտ համագործակցությունը՝ առանձնահատուկ կարևորելով նման ձևաչափով շփումների պարբերականության պահպանումը:

Նմանատիպ նյութեր