211652_close_icon
views-count2537 դիտում article-date 12:09 13-09-2020

«Որ օրը դատավորը մտածեց, որ ինքը պետք է հաշվի նստի հանրային կամ իշխանության մյուս թևերի ներկայացուցիչների կարծիքի հետ, այդ օրն ինքը կդադարի դատավոր լինելուց». Դավիթ Բալայան․ 168․am

[url=https://168.am/2020/09/12/1364884.html?fbclid=IwAR3Ql3t460qLaEi91UpDdhg-9Y1P6xGHCB9BX1V-GVf7dAHZDZOxbakIdaE]168.am[/url]-ի հետ զրուցելու առաջարկը Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը չմերժեց, թեպետ նա այդ պահին գտնվում էր արձակուրդում: Դատավորի հետ զրուցեցինք նրա աշխատասենյակում, որտեղ ամենուրեք դրված էին բազմահատոր քրեական գործեր: [b]– Վերջին երկու տարիներին դատավորների ու դատական իշխանության մասին ավելի շատ են խոսում, քան երևի թե անցած 30 տարիներին միասին վերցրած: Ինչո՞ւ հանկարծ հայտնվեցիք ուշադրության կենտրոնում:[/b] – Յուրաքանչյուր երկրում, երբ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բերում են իշխանափոխության այն ճանապարհով, որը եղել է մեր երկրում, իշխանության եկած ուժերն անխուսափելիորեն ցանկանում են, որ դատական իշխանությունում ևս իշխանափոխություն տեղի ունենա, ուստի մենք չենք կարող զերծ մնալ դրան առնչվող տարատեսակ խոսակցություններից: [b]– Միգուցե առաջին մի քանի ամիսը Ձեր ասածն ակտուալ կլիներ, բայց արդեն 2 տարի է անցել, և հատկապես այն ժամանակ, երբ որևէ աղմկահարույց գործով վճիռ է կայացվում, որն իշխանությունների քիմքին հաճո չի լինում, կրկին ակտիվանում են վեթինգի, բարեվարքության մասին խոսակցությունները:[/b] – Ի՞նչ պատասխան եք ակնկալում: [b]– Ընդհանրապես դատական իշխանությունն իրեն կաշկանդված չի՞ զգում նման «ուշադրության» ներքո:[/b] – Այս իշխանությունների շնորհիվ, իմ կարծիքով, դատական իշխանությունն ավելի անկախ է դարձել: Անկախությունը գալիս է նրանից, որ ոչ թե իշխանությունն է նպաստել, որ դատարանն ավելի անկախ գործի, այլ իշխանության որոշ ներկայացուցիչների՝ դատարանների, դատավորների հասցեին արված արտահայտությունները, անվստահության մասին խոսքը դատավորներին ստիպում են գործել ավելի անկախ, որպեսզի դատավորն ինքը կարողանա ապացուցել, որ ինքն անկախ է: [b]– Այսինքն՝ նաև արժանապատվության խնդի՞ր է:[/b] – Միանշանակ: Տեսեք, օրինակ, ինքնաբացարկի հիմքերում Եվրոպական նախադեպային ուժով մի գաղափար կա, որ դատավորը ոչ միայն պետք է լինի անաչառ, այլև պետք է երևա այդպիսին: Այսինքն՝ անկողմնակալ դիտորդը դա պետք է տեսնի: [b]– Ըստ էության, որովհետև դատավորն ամեն դեպքում կարո՞ղ է անձնական կարծիք ունենալ:[/b] – Չի կարող չունենալ: Բայց խնդիրն այն է, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր հասարակության մեջ, բերում են անխուսափելի մի երևույթի, որ որևէ դատավոր չի կարող երևալ անկողմնակալ կամ անաչառ: Դատավորը, ինչ որոշում էլ կայացնի, մի կողմն ասում է՝ դատավորը կաշառված է, մյուս կողմն էլ, թե՝ դատավորն իշխանությունների կրնկի տակ է: Այդ առումով դատավորների համար շատ ծանր ժամանակ է հիմա՝ կշռադատելու, օրենքով վարվելու, գնահատելու այն փաստերն ու ապացույցները, որոնք սեղանի վրա են դրված, մյուս կողմից էլ՝ հանրության կարծիքի և օբյեկտիվ իրականության միջև: [b]– Սա լրացուցիչ ճնշում չէ՞ արդյոք դատավորի վրա, որովհետև փաստորեն իր աշխատանքային պարտականությունները արդար ու անաչառ կատարելուց զատ՝ նա նաև պետք է դիմանա հոգեբանական գրոհների:[/b] – Այսպես ասեմ: Որ օրը դատավորը մտածեց, որ ինքը պետք է հաշվի նստի հանրային կամ իշխանության մյուս թևերի ներկայացուցիչների կարծիքի հետ, այդ օրն ինքը կդադարի դատավոր լինելուց: Խնդիրն այն է, որ դատավորը պետք է մոռանա, թե ինչ է հնչել դատական նիստից դուրս, փակի իր ականջները, ինչ տրամադրության լույսի ներքո է շոշափվել թեման, և կարողանա կայացնել դատական ակտ, որը կբխի իրեն ներկայացրած գործի նյութերից, այլ ոչ թե առաջնորդվի հանրային տրամադրությամբ: [b]– Ձեզ երբևէ պարտադրե՞լ են որևէ վճիռ կայացնել նախկինում կամ հիմա:[/b] – Չէ, չի եղել նման բան: [b]– Զա՞նգ…[/b] – Զանգերը կարող են բազմաթիվ լինել: Դատավորները մարդիկ են, որոնք այս հասարակությունից են եկել դատարան; Դատավորն ընկերներ, հարազատներ ունի: [b]– Ես նկատի ունեմ՝ իշխանական շրջանակներից զանգեր: Նախագահական նստավայրից օրինակ:[/b] – Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ այդպիսի բան չի եղել: Շատ բարդ հարց եք տալիս: Նախ՝ ո՞վ պետք է ինձ զանգի նախագահականից, հատկապես, որ հիմա այն ավելի թույլ դիրքեր ունի: [b]– Ոչ հիմա, նախկինում:[/b] – Ես շփում չեմ ունեցել նախագահականում աշխատող անձանց հետ: Շփում ունեցել եմ, ասենք, Գևորգ Կոստանյանի (նախկին գլխավոր դատախազ.- Գ.Ս.) հետ, ով այն ժամանակ այնտեղ էր աշխատում, բայց նա ինձ չի զանգել, խնդրանք չի փոխանցել: Սուտ կլինի, որ ասեմ՝ նախկինում նման բան է եղել: Մանրամասն՝ [url=https://168.am/2020/09/12/1364884.html?fbclid=IwAR3Ql3t460qLaEi91UpDdhg-9Y1P6xGHCB9BX1V-GVf7dAHZDZOxbakIdaE]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր