2985 դիտում
13:37 08-09-2020
Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են տվյալագիտության մասնագետ Մեղրիկ Այիթյանին Ավստրիայից և ինժեներ֊բալիստիկ Րաֆֆի Գյուրջյանին ՌԴ֊ից, ովքեր «իԳործ» ծրագրի շրջանակներում միանալու են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին որպես փորձագետներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը ողջունել է ՀՀ ԲՏԱ նախարարությանը միացող մասնագետներին, նշել, որ շուրջ 50 մասնակիցների հետ արված հարցազրույցներից հետո ընտրվել են առավել համապատասխան փորձառություն ունեցող 9֊ը հայրենակիցներ: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանց աշխատանքը նախարարությունում արդյունավետ և հաջողված է լինելու:
Գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին իրենց փորձառությունը, գիտելիքներն ու ներուժը հայրենիքում ներդնելու պատրաստակամության համար, համոզմունք հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, կատարված աշխատանքի դրական արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամկետում և որ ողջ անձնակազմը պատրաստ է իր աջակցությունն ունենալ այդ հարցում:
«իԳործ» ծրագրի առաքելությունն է հայրենադարձության` մասնավորապես մասնագիտական հայրենադարձության խթանումը և այն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Պատասխանատու Լիաննա Սիմոնյանն իր խոսքի ընթացքում մատնանշել է ծրագրի բացառիկությունը՝ սփյուռքահայ մասնագետներին ընձեռում է հնարավորություն աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, իրագործելու հայրենիքում՝ հարազատ ոլորտի նկատմամբ մասնագիտական երազանքները:
Հանդիպման ավարտին Վիկտորիա Պողոսյանը նոր գործընկերներին ներկայացրել է իրենց ղեկավարներին, մենթորներին, որոնց ուղեկցությամբ փորձագետները ծանոթացել են աշխատանքային պայմաններին ու անցել գործի՝ հետևելով «իԳործ» ծրագրի կարգախոսին:
Առաջին փուլի արդյունքներով թվով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնելու հայրենիք և միանալու ՀՀ կառավարության աշխատանքներին:
Ընդհանուր առմամբ, շուրջ 100 մասնագետներ սփյուռքից կհամալրեն պետական կառավարման համակարգը` բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով, թե՛ գործընկերների, թե՛ իրենց մասնագիտական գիտելիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
682 դիտում
13:10 27-09-2023
ԲՏԱ նախարարն ու ԱՄԷ պատվիրակությունը շեշտել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման մեծ ներուժը
772 դիտում
19:06 23-02-2024
Տեղի է ունեցել բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկում
Այս բաժնից
10498 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am