Նեյմարը վարակվել է կորոնավիրուսով
ՊՍԺ-ի առաջատար ֆուտբոլիստ, բրազիլացի Նեյմարը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է փարիզյան «Էկիպ» պարբերականը:
Սեպտեմբերի 2-ին ֆրանսիական ակումբը պաշտոնապես հայտնել էր, որ երեք խաղացողի հանձնած թեստը դրական արդյունք է տվել, սակայն նրանց անունները չէր նշել:
Պարբերականի տեղեկություններով, վարակվել են Նեյմարը, ինչպես նաև՝ արգենտինացի կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը: Նրանք երեքն էլ մի քանի օր արձակուրդն անցկացրել էին Իբիցայում, որից հետո վերադարձել էին Փարիզ: Այժմ ֆուտբոլիստները մեկ շաբաթ կարանտին են անցնելու:
Վարակվածների հետ միասին հանգստի էին գնացել նաև Մաուրո Իկարդին, Անդեր Էրերան և Կեյլոր Նավասը, որոնք ինքնամեկուսացվել են:
Համաձայն վարակաբանական կանոնի, Ֆրանսիայի առաջնությունում թիմի խաղը կարող է չեղարկվել, եթե վարակվել են չորս և ավելի խաղացող: