211652_close_icon
views-count1863 դիտում article-date 14:54 03-09-2020

Յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ կտրամադրվի գործող մարզիկներին, մարզիչներին ու նրանց բժիշկներին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին ևմրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով` ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 232 մլն դրամ գումար: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով. «Ներկայումս Հայաստանում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում: Այս որոշման ընդունմամբ հնարավոր կլինի յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, ՀՀ հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, որը միաժամանակ նշանակում է կարևորել սպորտի դերն ու նշանակությունը, աջակցել մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին»: Ներկայումս 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ: Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների ՀՀ հավաքական թիմերի մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները: Մասնավորապես Արթուր Ալեքսանյանի հետ, որպես թիմի մարզիչ աշխատում է նաև Գ. Ալեքսանյանը:

Նմանատիպ նյութեր